Հայաստանի նկատմամբ Իրանում կա շատ բարձր վստահություն, ինչն էլ հնարավորություն է տալիս արագ չեզոքացնել ցանկացած ապատեղեկատվություն. իրանագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի նկատմամբ Իրանում կա շատ բարձր վստահություն, ինչն էլ հնարավորություն է տալիս արագ չեզոքացնել ցանկացած ապատեղեկատվություն. իրանագետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
15-01-2020 13:28:59 | Հայաստան | Քաղաքական
Հայաստանի նկատմամբ Իրանում կա շատ բարձր վստահություն, ինչն էլ հնարավորություն է տալիս արագ չեզոքացնել ցանկացած ապատեղեկատվություն:
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Իսրայելյանը՝ անդրադառնալով վերջերս ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ կողմից տարածված ապատեղեկատվությանը, թե իբև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իրանցի գեներալին սպանելու համար:
Ըստ նրա՝ ազգությամբ հայ կեղծ օգտատիրոջ տարածած այդ ապատեղեկատվությունն Ադրբեջանից Իրան հասել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, սակայն իրանական կայքերն անմիջապես հասկանալով, թե ինչ է տեղի ունենում, առաջինն են բարձրաձայնել ապատեղեկատվության մասին:
«Բարեբախտաբար, վերջին մեկ տարվա ընթացքում հատկապես տեղեկատվության ոլորտում համագործակցություն է նկատվում, և վերջերս էլ իրանական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին այցելել Հայաստան, այստեղ ուղիղ իրենց գործընկերների հետ կապեր հաստատվեց. այս ծրագիրը շարունակական է լինելու և նման ցանկացած խնդիր առաջանալու դեպքում արդեն երկու երկրների լրատվամիջոցներն իրար հետ ուղիղ կապ կունենան»,- ընդգծեց Ա. Իսրայելյանը՝ հավելելով, որ ապատեղեկատվությունը դարի սպառնալիքներից մեկն է:
Գնահատելով ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ֆոնին Հայաստանի դիրքորոշումը՝ իրանագետը նկատեց, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ ոչ միայն չպետք է թույլ տալ երրորդ կողմին ազդեցություն ունենալ հայ-իրանական հարաբերությունների վրա, այլև անել ամեն ինչ ԱՄՆ-Իրան հակամարտության մեջ չներքաշվելու համար:
Ա. Իսրայելյանը, սակայն չի կիսում այն կարծիքը, թե Հայաստանը կարող է այս փուլում միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-ին ու Իրանին հաշտեցնելու հարցում. «Միջնորդություն կասենք, թե միջնորդական գործողություններ, ես ավելի շատ կարծում եմ, որ դա հնարավոր կլինի իրականացնել, երբ որ Իրանի և Միացյալ նահանգների կամ Իրանի և Եվրամիության հարաբերությունները լարված չեն, այլ կարգավորվում են կամ գնում են դեպի կարգավորում: Այսինքն՝ այս առումով Հայաստանը կարող է հարթակ դառնալ տնտեսական համագործակցության համար, այդպիսի հնարավորություն բացվել էր միջուկային համաձայնությունից հետո, բայց հակասությունների դեպքում դժվարանում եմ ասել»: