ԱՄՆ-ն ընդդեմ ռուս-թուրքական դաշինքի. հայկական գործոնն առանցքային է դառնում


ԱՄՆ-ն ընդդեմ ռուս-թուրքական դաշինքի. հայկական գործոնն առանցքային է դառնում

  • 16-01-2020 14:19:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիան փորձում է թույլ չտալ Մերձավոր Արեւելքում նոր դասավորությունում հայկական գործոնի օգտագործումը: Նոր դասավորություն փորձում են ստեղծել ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ միասին, զուգահեռ՝ Թուրքիան ու Ռուսաստանը:
 
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է ՆԱՏՕ-ում ընդգրկել Մերձավոր Արեւելքի երկրները: Թրամփն ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պետք է փոխարինի ԱՄՆ-ին տարածաշրջանում, որովհետեւ «դա միջազգային խնդիր է»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ քննարկել է հնարավոր ընդլայնումը: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամների թիվը նախնական 12-ից ընդլայնվել է մինչեւ 29, իսկ դաշինքը ներառում է հյուսիսամերիկյան ու եվրոպական երկրներ, գումարած Թուրքիան:
 
«ՆԱՏՕ-ն, այո, կա նաեւ ME անվանումը (Middle East հապավումը, իսկ բառը նշանակում է «ես»): ՆԱՏՕ-ն կանվանենք ՆԱՏՕ-ԵՍ: Ինչ հիանալի անվանում: Կարողանում եմ լավ անվանումներ մտածել», – ասել է Թրամփը:
 
Ռուսաստանն ազդարարել է Մերձավոր Արեւելքում անվտանգության ապահովման սեփական պլանը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Պարսից ծոցի գոտում կոլեկտիվ անվտանգության ռուսական հայեցակարգը սեղանին է մնում:
 
«Մենք տարածաշրջանի երկրներին առաջարկել ենք մտածել անվտանգության կոլեկտիվ մեխանիզմների մասին, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, սկսած վստահության կառուցման միջոցառումներից, միմյանց զորավարժություններին հրավիրելուց: Մենք այս մասին խոսել ենք Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի երկրների հետ, երեքն անմիջապես աջակցել են, մյուս երեքն ասել են, որ իրենց ժամանակ է պետք: Վերջերս նորից առաջարկել ենք այդ գաղափարը», – հիշեցրել է Լավրովը:
 
Նրա խոսքով, ռուսական առաջարկն ավելի լայն է Իրանի՝ «չհարձակման պակտի» նախաձեռնությունից: Ինչպես նշել է նախարարը, Իրանից ու Ծոցի միապետություններից բացի պետք է մասնակցեն նաեւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի անդամները, Եվրամիությունը եւ Արաբական պետությունների լիգան:
 
Ամերիկյան ու ռուսական «անվտանգության հայեցակարգերի» պայքարը տեղի է ունենում տարածաշրջանում դինամիկ գործընթացների ֆոնին: Դա վերաբերում է ինչպես Իրանի շուրջ իրադարձություններին, այնպես էլ Լիբիայում դիմակայությանը: Մերձավորարեւելյան գործընթացներում ավելի հստակ է ուրվագծվում Ռուսաստանի ու Թուրքիայի դաշինքը ԱՄՆ դեմ, որոնք փորձում են Իրանին ներգրավել որպես դաշնակից:
 
Թուրքիան ակտիվորեն դիմակայում է տարածաշրջանի գործերին միջամտելու ԱՄՆ փորձերին: Անկարան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերի ընդունումը գնահատել է որպես միջամտություն: Այդ բանաձեւերի համատեքստը կասկածի տակ է դնում Թուրքիայի սահմանների լեգիտիմությունը:
 
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ գործող Բարձր խորհրդատվական մարմնի նիստից հետո Թուրքիայի նախագահի հանրային կապերի ծառայության տնօրեն Ֆահրեթթին Ալթունը նշել է, որ «որոշ շրջանակներ փորձում են օգտագործել Հայաստանի մեղադրանքները 1915 թվականի վերաբերյալ թուրքական հանրույթում տարաձայնություններ առաջացնելու համար»:
 
Ալթունն ասել է, որ 1915 թվականի հայկական դեպքերն օրակարգի հարց էր՝ ավելացնելով, որ ոմանք ձգտում էին օգտագործել «ցեղասպանության» պահանջները, որ վնաս հասցնեն թուրք ժողովրդի ներդաշնակությանը:
 
Դրանից մեկ օր առաջ Էրդողանն ընդունել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին: Հանդիպումը փակ էր մամուլի համար: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն նույնպես հանդիպել է Մաշալյանին: Նա շնորհավորել է 85-րդ պատրիարքի ընտրվելու կապակցությամբ:
 
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ առաջին տիկնոջը՝ Ասմա Ասադին: Պատգամավորը գրել է, որ հանդիպման նպատակն էր քննարկել հայկական դպրոցի ֆինանսավորման ու պահպանման հարցը, որը «մեզ համար մեզ պատասխանատվություն է Սիրիայում կրթական գործընթացի զարգացման առումով»:
 
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի Թագավորության արտաքին գործերի նախարար Այման Սաֆադիի հետ: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Հորդանանի ԱԳ նախարարն այցելել էր Հայաստան ու ազդարարել Աբդալլահ թագավորի այցը: Թագավորը դեկտեմբերի 10-ին այցելել է Ադրբեջան: Հնարավոր է, նախապատրաստվում է նրա այցը Հայաստան: Աբդալլահ թագավորը կարեւոր հաղորդակցային դեր է խաղում տարածաշրջանում, եւ այցի ընթացքում կարող են քննարկել Հայաստանի դերը տարածաշրջանային փոփոխություններում:
 
Տարածաշրջանում շատ բան կախված է լինելու այն բանից, թե ինչպես են զարգանալու ներքաղաքական իրադարձություններն Իրանում եւ արդյոք Թեհրանը կբանակցի ԱՄՆ հետ: «Զգուշացնում եմ Իրանի կառավարությանը, որ չպետք է բռնություն գործադրի կամ սպանի որեւէ ցուցարարի, ամբողջ աշխարհը հետեւում է», – ասել է Թրամփը: «Մենք ուշադիր, շատ ուշադիր հետեւում ենք… մենք չենք ձգտում փոխել ռեժիմը», – նշել է նա:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play