Եվ սպանության, եւ ինքնասպանության պարագայում հետքեր են վերացվում, և պետք է հասկանալ, թե ինչ հետքեր են վերացվում և ում կողմից


Եվ սպանության, եւ ինքնասպանության պարագայում հետքեր են վերացվում, և պետք է հասկանալ, թե ինչ հետքեր են վերացվում և ում կողմից

  • 18-01-2020 15:14:29   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Lragir.am-ի  զրուցակիցն փաստաբան Նորայր Նորիկյանը
 
Ինչպե՞ս եք գնահատում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ տեղի ունեցածը։ Սա ահազա՞նգ է ներկա իշխանությանը։
 
Իհարկե ահազանգ է, սա ընդհանրապես մարտահրավեր է Հայաստանի հասարակությանը։ Կուտոյանի ողբերգական մահը վարույթ իրականացնող մարմնի կողմից իրականացվող քննության արդյունքներով ունենալու է որոշակի քաղաքական հետևանքներ այն առումով, որ սա նաև ուղերձ է Հայաստանի հասարակության, ինչպես նաև իշխանության ներսում վախի, խուճապի մթնոլորտ ստեղծելու առումով, որովհետև այն գործընթացները, որոնք իրականացվում են ՀՀ-ում և կարող են իրականացվել օրինականության վերականգնման գործընթացում, կարող են դուր չգալ որոշակի մարդկանց, որոշակի շրջանակների։ Հաշվի առնելով Գեորգի Կուտոյանի անձը, պաշտոնի բերումով նրա ունեցած հույժ կարևոր տեղեկությունները որոշակի հանգամանքներում և որոշակի պարամետրերի համադրման արդյունքում շատ մարդկանց գլուխներ կցավեցնեին: Ուստի տեղի ունեցածը քաղաքական հետևանքների առումով վախի, խուճապի մթնոլորտի որոշակի նախանշան կարող է ստեղծել: Որովհետև եթե այս պարագայում խոսում ենք հանցագործության հետևանքների մասին, կլինեն մարդիկ, որոնք կվախենան, կլինեն մարդիկ, որոնք չեն ցանկանա մինչև վերջ գնալ որոշակի հանցագործությունների բացահայտման հետևից, կլինեն մարդիկ, որոնք կփորձեն որոշակիորեն ապահովագրել իրենց: Սրանք քաղաքական հետևանքներն են:
 
Իրավական առումով, բնականաբար, ես ձեռնպահ կմնամ որևէ բան ասելուց, քանի դեռ վարույթ իրականացնող մարմինը օբյեկտիվ քննություն չի իրականացրել: Ես իսկապես համարում եմ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի արժանապատվության խնդիրը՝ օր առաջ բացահայտել այս հանցագործությունը, ամբողջական, բազմակողմանի տեղեկատվություն ներկայացնել՝ որևէ շահարկում բացառելու հնարավորությամբ, որովհետև մենք գործ ունենք շատ ողբերգական իրադարձության հետ:
 
Ըստ էության, սա թվով 3-րդ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի մահն է՝ Հայկ Հարությունյան, Աշոտ Կարապետյան, հիմա էլ Գեորգի Կուտոյան: Շատ չե՞ն նման դեպքերը վերջին ընդամենը 4 ամսում:
 
Իհարկե: Նման ողբերգական վախճան են ունենում մարդիկ, ովքեր ՀՀ-ում զբաղեցրել են պետական պատասխանատու պաշտոններ, տիրապետել են ահռելի տեղեկությունների, ովքեր իրենց պաշտոնի բերումով մասնակից են եղել կարևորագույն որոշումների թե կայացմանը, թե կատարմանը: Այս համատեքստում, եթե անգամ վարույթն իրականացնող մարմնի գործողությունների արդյունքում պարզվի, որ սա ինքնասպանություն է, այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ ի՞նչ ճակատագրական շարժառիթ ու դրդապատճառ է եղել Գեորգի Կուտոյանի համար, որ 39 տարեկան, մասնագիտական առումով պորֆեսիոնալ, զուսպ, հավասարակշռված երիտասարդը  գնացել է այդպիսի ողբերգական քայլի: Հետևաբար, եթե անգամ ինքնասպանություն է, դրա համար պետք է լինեն շատ ծանրակշիռ պատճառներ ու շարժառիթներ: ՀՀ իրավապահ մարմիններն ուղղակի պարտավոր են բացահայտել այդ ամբողջ շղթան: Հնարավոր չի չէ՞, որ ինչ-որ չնչին շարժառիթի պարագայում Գեորգի Կուտոյանն ինքն իրեն սպանի: Սա համարում եմ անհեթեթություն, հետևաբար, եթե անգամ այդպիսի ողբերգություն է տեղի ունեցել, դա ունեցել է իր պատճառները, շարժառիթները և, ըստ էության, Գեորգի Կուտոյանին հասցրել են մի իրավիճակի, որը հանգեցրել է այդպիսի ողբերգության: Իսկ եթե պարզվի, որ ինքնասպանություն չէ, այլ սպանություն է, սա արդեն լրիվ ուրիշ սցենար է, սա ուղիղ կրակոց կլինի Հայաստանի պետականության և Հայաստանի հասարակության ուղղությամբ: ՀՀ իշխանություններն ուղղակի իրենց պատվախնդրության, արժանապատվության հարց պետք է համարեն այս հանցագործությունը լիարժեք և ամբողջական բացահայտելը:
 
Դուք տեսնո՞ւմ եք միտում ինչ-որ հետքեր վերացնելու:
 
Իհարկե, կոնկրետ Գեորգի Կուտայանի պարագայում ես կարող եմ հստակ արձանագրել, որ և սպանության, և ինքնասպանության պարագայում հետքեր են վերացվում, և պետք է հասկանալ, թե ում հետքերն են վերացվում, ինչ հետքեր են վերացվում և ում կողմից են վերացվում: Եթե գնանք ինքնասպանության վարկածով, բնականաբար, որոշակի մարդկանց ձեռնտու է եղել նրա լիկվիդացումը, որովհետև  ինչ-ինչ հանգամանքների համադրման արդյունքում Գեորգի Կուտոյանի ունեցած տեղեկատվությունը կարող էր օգտագործվել օրինական միջոցներով ինչ-ինչ հարցեր լուծելու համար: Հետևաբար, այդ տեղեկատվությունը վերջնականապես թաղելու համար ընտրվել է այս ճանապարհը՝ հասցնել նրան այնպիսի իրավիճակի, որը կբերեր այսպիսի ողբերգական ընթացքի: Իսկ սպանության դեպքում առավել ևս նպատակ է եղել, ըստ ամենայնի, լիկվիդացնել այն ֆիգուրին, ով գուցե նաև իր կամքից անկախ, ճակատագրի բերումով, տիրապետում էր այդ տեղեկություններին: Բոլոր առումներով, այս կրակոցները միտված են եղել կարևորագույն տեղեկություններ, կարևորագույն հետքեր վերացնելուն: Իսկ թե դա ում էր ձեռնտու, դա արդեն Հայաստանի իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել:
 
Շատերը նկատում են, որ Սերժ Սարգսյանի իրավական հարցերով խորհրդատուի արդեն երկրորդ դին են գտնում. Տարիներ առաջ սպանվեց Գևորգ Մհերյանը, հիմա էլ Կուտոյանը:
 
Այո, այդպես է, և երբ նայում ենք սպանությունների և ինքնասպանությունների շղթան, ըստ էության մենք գործ ունենք հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ: Ընդհանրապես, եթե դուք ուշադրություն դարձնեք ՀՀ անկախության պատմության ընթացքում տեղի ունեցող քաղաքական սպանությունների և ինքնասպանությունների խրոնոլոգիային, կտեսնեք, որ հիմնականում մարդիկ հենց այդ տիրույթում են եղել՝ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյան, ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյան, պաշտպանության փոխնախարար Վահրամ Խոռխոռունի և էլի շատ շատերը, որոնք իրավապահ համակարգի, ուժային կառույցների ներկայացուցիչներ են եղել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ