Փոխվարչապետ մասնակցել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկմանը


Փոխվարչապետ մասնակցել է «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով քննարկմանը

  • 20-01-2020 12:20:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
 
Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է.
 
«Հարգելի՛ գործընկերներ,
 
Բարև ձեզ: Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել մեզ համար շատ կարևոր համաժողովին մասնակցելու համար:
 
Ինչպես գիտեք, 2019 թվականի նոյեմբերի վերջին Կառավարությունը հաստատել է Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը: Ավելորդ է ասել, որ սա կարևորագույն ռազմավարություններից մեկն է՝ խարսխային ռազմավարություն և որի տեսլականն է՝ ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը: Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների և որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ և խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության և հսկողության ամբողջականություն: Սկզբունքներ, որոնք երկար քննարկված են, մի կողմից շատ պարզ են, միևնույն ժամանակ, կարծում եմ, վերահաստատման կարիք ունեն ռազմավարությամբ, որպեսզի մենք բոլորս հասկանանք, թե որ ուղղությամբ ենք շարժվում և ինչ վերջնական նպատակներ ունենք:
 
Նախանշված տեսլականի իրագործման գործում Կառավարությունը որդեգրել է ավելի նախաձեռնողական և թափանցիկ գործելակերպ: Կառավարության կողմից նախաձեռնած այս համաժողովը պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացվող բարեփոխումների թափանցիկության և ներառականության ապահովման կարևոր բաղադրիչ է, և նպատակ ունի ձեզ՝ մեր գործընկերների ներկայացնել բարեփոխումների օրակարգը՝ ի ցույց դնելով փոփոխությունների իրականացման քաղաքական կամքը և որոշակիացնել դոնոր հանրության հետ համագործակցությունը և բարձրացնել դրա արդյունավետությունը:
 
Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է դոնոր համայնքի ներգրավվածությունը Ռազմավարության իրագործման գործում և արձանագրում է, որ այդ կառուցողական համագործակցության շնորհիվ է նաև հնարավոր դարձել վերջին շրջանում պետական ֆինանսների կառավարման բնագավառում իրականացնել առանցքային փոփոխություններ։ Մեր դիտարկմամբ նշված համագործակցությունն ունի ընդլայնման ներուժ, որի իրացումը հնարավոր է համատեղ ջանքերի համախմբմամբ։
 
Լիահույս ենք, որ այսօրվա քննարկումները կլինեն արդյունավետ՝ նպաստելով բարեփոխումների հետագա քայլերի իրականացմանը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի քաղաքացիների:
 
Շնորհակալություն: Ես կրկին ուզում եմ ասել հետևյալի մասին, որ, իրոք, մենք տրամադրված ենք և ծրագրավորում ենք մեր ռազմավարությունների իրական քննարկման ձևաչափեր նախագծել և իրականացնել, որովհետև համագործակցությունը դոնորների հետ ռազմավարությունների մշակման և ռազմավարություններով նախանշված ծրագրերի իրականացման գործում մենք բարձր ենք գնահատում: Կարծում եմ տվյալ ռազմավարության քննարկումը կլինի ընդհանրապես ռազմավարության քննարկման ձևաչափ, որը, եթե հաջողվի, ապա, կարծում եմ, կտիրաժավորվի և մենք մեր քննարկումները ռազմավարությունների շուրջ կկառուցենք նաև այս ձևաչափով:
 
Շնորհակալություն, հարգելի՛ գործընկերներ, մաղթում եմ արդյունավետ աշխատանք»:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն