Հանրային խորհուրդը կարող է դառնալ երկխոսության հարթակ կառավարության և ցուցարարների միջև. Ստյոպա Սաֆարյան


Հանրային խորհուրդը կարող է դառնալ երկխոսության հարթակ կառավարության և ցուցարարների միջև. Ստյոպա Սաֆարյան

  • 20-01-2020 16:55:44   | Հայաստան  |  Հասարակություն

Վաղ առավոտից առցանց լրատվամիջոցների ուղիղ եթերում հետևելով Կառավարության առջև մսագործների, ֆերմերների ու մսավաճառների բողոքի ակցիային, անմիջապես հեռախոսազրույցներ եմ ունեցել Հանրային խորհրդի երեք հանձնաժողովների՝ Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Համբարձումյանի, Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Վազգեն Սաֆարյանի, Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Կորյուն Առաքելյանի հետ։
 
 
Վերոթվարկյալ գործընկերների հետ կարծիքներ ենք փոխանակել մեր հանրության այս խմբի բողոքի ու դրա առարկայի կապակցությամբ և եկել ենք միասնական եզրակացության, որ Հանրային խորհուրդն իր նշված ու խնդրին առնչվող այլ հանձնաժողովներով կարող է անելիք ունենալ խնդրի ուսումնասիրության, կառավարության և ցուցարարների միջև երկխոսության/լուծումների հարթակ դառնալու առումով, եթե երկու կողմերն ունեն նման ցանկություն։
 
Պարոն Վարդան Համբարձումյանի հետ պայմանավորվել ենք վաղը հանդիպել ու ուրվագծել քննարկումների ձևաչափին, օրակարգին, մասնակիցներին ու շահառու խմբերին առնչվող հարցեր։
 
Թեպետ այս պահի դրությամբ խնդրի գլխադասային հանձնաժողով պատկերանում է Հանրային Խորհրդի գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովը, այդուհանդերձ այն ունի հանրային անվտանգության, տարածքային զարգացման, տնտեսական ու այլ ասպեկտներ ևս, բայցև կարծում ենք, որ Հանրային խորհրդի այլ հանձնաժողովներ նույնպես կներգրավվեն։
 
Քանի որ այս պահի դրությամբ բողոքող խմբի ներկայացուցիչների հետ որևէ կապի միջոց առկա չէ, ուրախ կլինենք, եթե նրանք այդ շահագրգռության շրջանակներում կապ հաստատեն մեզ հետ։ Նման ցանկության դեպքում մեր հերթին կկապվենք գործադիր իշխանության պատասխանատուների հետ և առաջիկայում կկազմակերպենք անդրանիկ հանդիպումը Հանրային խորհրդի հանձնաժողովների, կառավարության ու բողոքող խմբերի ներկայացուցիչների ու ոլորտում մասնագիտացած քաղհասարակության կազմակերպությունների, անհատ փորձագետների մասնակցությամբ։
 
Գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Վարդան Համբարձումյանի հետ մեր վաղվա հանդիպման արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
 
Ստյոպա Սաֆարյան
Հանրային խորհրդի նախագահ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն