Մեկնարկել են փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի դասընթացները

21-01-2020 13:10:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Հունվարի 20-ին Երևանում մեկնարկել են «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված ուսուցողական դասընթացները, որոնք վարում են «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամի մասնագետները: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան հավաստագրեր:
 
Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության պետ Իռա Փանոսյանը համառոտ ներկայացրել է ծրագրի հիմնական դրույթները և հույս հայտնել, որ այն կունենա բարեհաջող ընթացք: Նրա խոսքով՝ նախարարությունն արդեն իսկ ստացել է ծրագրին մասնակցելու 46 հայտ հանրապետության
բոլոր մարզերից, մասնակիցների թվում քիչ չեն նաև սկսնակ ֆերմերները: 
 
Դասընթացների տևողությունը 12 օր է. տասնօրյա տեսական դասընթացների ընթացքում ICARE հիմնադրամի ներկայացուցիչներն ապագա ջերմոցատերերին տեսական գիտելիքներ կփոխանցեն գրունտային և հիդրոպոնիկ ջերմատների շահագործման հիմունքների, ջերմատնային հիմնական մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաների և հարակից այլ թեմաների վերաբերյալ: Եվս 2 օր նախատեսված է գործնական պարապմունքների համար, որոնց ժամանակ մասնակիցները տեղում կծանոթանան ժամանակակից ջերմոցային տնտեսություննների գործունեությանը, ջերմատան կառավարման համակարգերին և ջերմատան պայմաններում մշակաբույսերի մշակությանը:
 
Դասընթացների անցկացման համար ICARE հիմնադրամի ընտրությունը պայմանավորված է ջերմատնային տնտեսությունների կառավարման ոլորտում
մասնագետների դասավանդման հարուստ փորձով: 
 
«Այս ծրագրում մենք հիմնական շեշտը դրել ենք փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների կառուցման վրա, քանի որ մեր ռազմավարության հիմնական թիրախը փոքր և միջին գյուղացիական տնտեսություններն են», - նշել է Իռա Փանոսյանը: Նա հավելել է, որ ծրագրի շրջանակում կազմակերպվող դասընթացները կրում են ոչ միայն ուսուցողական բնույթ, այլև միտված են կապ հաստատել մասնագետների և ոլորտում գործունեություն ծավալող ֆերմերների միջև, որպեսզի անհրաժեշտության դեպքում  վերջիններս կարողանան ստանալ մասնագիտական խորհրդատվություն:   
 
Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման ծրագրի նպատակն է փոքր և միջին  ջերմատների կառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով ավելացնել ջերմատնային տնտեսությունների մակերեսն ու արտադրության ծավալները, բարձրացնել արտադրանքի մրցունակության մակարդակը, նպաստել գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 264 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար