Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից


Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից

  • 21-01-2020 13:50:52   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը



Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին:
 
Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով:
 
Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ իրենց համար շատ ցավալի է եկեղեցու ներկայիս վիճակը՝ հույս հայտնելով, որ պատկան մարմինները կվերանորոգեն այն ու կդարձնեն զբոսաշրջային վայր:  
 
Նալբանթի խոսքով՝ ինքը մի քանի անգամ երկաթե դուռ ու փական է դրել եկեղեցու վրա, բայց ապարդյուն, գանձագողերը ամեն անգամ դրանք կոտրել են:
 
Վերջում թուրքական աղբյուրը նշում է, որ Կայսերիի մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչության ներկայացուցիչները հայտարարել են, որ նահանգի բոլոր եկեղեցիները հաշվառվել են: Որոշակի աշխատանքներ են ծրագրվում: Ժամկետների մասին, սակայն, ստույգ տեղեկություններ չկան:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը