Խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ. Ալեն Սիմոնյան


Խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ. Ալեն Սիմոնյան

  • 21-01-2020 13:58:35   | Հայաստան  |  Հասարակություն

Ես պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ: 
 
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի և ԱԺ մեկ այլ պատգամավոր Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած քաշքշուկին: 
 
Ըստ նրա՝ այսօր ամբողջ ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանն հավաքվելու և կարգապահական առումով լուրջ քննարկելու բան ունեն, քանի որ անընդունելի է համարում ԲՀԿ պատգամավորների պահվածքը, երբ նրանք ամեն անգամ հրահրում ու նման իրավիճակ են ստեղծում նիստերի դահլիճում: 
 
«Եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ և մոտենալ մեկ այլ պատգամավորի, որ ելույթ է ունենում ու հոխորտալ, եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, իսկ նման բան տեղի է ունեցել, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ դուք չեք լսել: Դա եղել է այո՛, քաշքշուկի ժամանակ ԲՀԿ պատգամավորի կողմից ընդհանուր գոռոցի ձևով»,- ընդգծեց Ա. Սիմոնյանը: 
 
Նրա համոզմամբ՝ Հայաստանի խորհրդարանում նման բան չի կարող լինել, որքան էլ որ նման բաներն ընդունված լինեն աշխարհի այլ երկրներում: 
 
«Ես կարծում եմ, որ ինքը (նկատի ունի ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանին) հին աշխարհում մնացած մի անձնավորություն է, որը չի հասկացել ու դժվար թե հասկանա, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն