Գրիպ, թե պետական հեղաշրջում. ԱԱԾ պարզաբանումը


Գրիպ, թե պետական հեղաշրջում. ԱԱԾ պարզաբանումը

  • 21-01-2020 14:09:20   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱԱԾ-ն, պատասխանելով Արթուր Վանեցյանի հեղաշրջման փորձի առնչությամբ լրատվամիջոցներից մեկի հարցմանը՝ որի հիմքը եղել է Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը, հայտնել է, որ չկա պետական հեղաշրջման փորձի մասին տեղեկություն, ԱԱԾ-ն չի տիրապետել այդպիսի տեղեկության:
 
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանը պաշտոնանկ է եղել պետական հեղաշրջման փորձի համար:
 
Առերեւույթ թվում է, որ պատգամավորը թիրախավորում է Արթուր Վանեցյանին: Գործնականում սակայն, այդպիսի փորձի համար ոչ թե պաշտոնանկ են անում, այլ ձերբակալում են, բացահայտում հեղաշրջման ամբողջ ցանցը: Համենայն դեպս, հանրային վստահություն ունեցող իշխանության քայլը պետք է լինի դա: Ըստ այդմ, եթե եղել է հեղաշրջման փորձ, սակայն չի եղել ձերբակալություն, այլ ընդամենը պաշտոնանկություն, ապա այստեղ խնդիրը իշխանության արձագանքն է:
 
Բայց վարչապետ Փաշինյանը որեւէ կերպ չի ակնարկել, թե Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունն ունի այդպիսի պատճառ: Ավելին, իր հայտնի մեծ ասուլիսում խոսելով այդ մասին, Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ Վանեցյանի հետ քննարկման արդյունքում պայմանավորվել են, որ առայժմ նա կկենտրոնանա ֆուտբոլի եւ ազգային հավաքականի խաղերի վրա: Իհարկե, հետո ֆուտբոլում էլ տեղի ունեցան այլ զարգացումներ, սակայն առնվազն տարօրինակ է, որ վարչապետը հեղաշրջման փորձ անողի հետ պայմանավորվում է ֆուտբոլի մասին:
 
Կամ էլ տարօրինակ է, եթե վարչապետը հանրությանը չի ներկայացնում իրական պատճառը, բայց հետո կառավարող ուժի տարբեր ներկայացուցիչներ շրջանառում են հեղաշրջման վարկածներ:
 
ԱԱԾ-ն հայտարարում է, որ չի եղել հեղաշրջման փորձ: Եղե՞լ է, թե՞ չի եղել: Կառավարող ուժի ներկայացուցիչները կամ պետք է հրապարակավ հերքեն, որ եղել է այդպիսի փորձ, նաեւ ներողություն խնդրեն հանրությանն ապատեղեկացնելու համար, կամ պետք է վարչապետից պահանջեն պաշտոնանկ անել ԱԱԾ ղեկավարությանը, որը տեղյակ չէ կատարված փորձից:
 
Այլապես իրավիճակը դառնում է անլուրջ, որովհետեւ պետական հեղաշրջման մասին քաղաքական մեծամասնության մակարդակով խոսվում է այնպես, ինչպես կխոսվեր գրիպի կամ ճանապարհային ոստիկանության բալային համակարգի մասին:
 
Միաժամանակ, ըստ ամենայնի կառավարող մեծամասնության նկատմամբ թերեւս իր պահանջը պետք է ունենա Ազգային անվտանգության ծառայությունը, որովհետեւ այդօրինակ հռետորաբանությունն անլուրջ իրավիճակ է ստեղծում նաեւ այդ ծառայության համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play