ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ


ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է զինված ուժերի մատակարար ընկերությունների ներկայացուցիչների հետ

  • 21-01-2020 18:10:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ:
 
Կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդգծել է, որ զինված ուժերի բնականոն աշխատանքն ապահովում է նաև ԶՈւ կարիքների համար ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների որակյալ և ժամանակին  մատակարարումը: Նշելով, որ նախկինում մատակարարման առումով եղել են որոշակի թերացումներ, ԶՈւ գլխավոր շտաբի պետը շեշտել է, որ ԶՈւ ղեկավարությունն իր առջև խնդիր է դրել վերացնել բոլոր թերությունները և մատակարարների հետ  համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ: Խնդիրներից խուսափելու համար գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հորդորել է մատակարար ընկերությունների ղեկավարներին խստորեն հետևել մատակարարվող ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերին և պահպանել մատակարարման ժամանակացույցը, քանի որ ցանկացած խախտում բացասաբար է անդրադառնում զինված ուժերի մարտունակության վրա: Արտակ Դավթյանը մատակարարներին հորդորել է նաև աշխատել առավել ազնիվ և թափանցիկ, լինել նախաձեռնող, հանդես գալ նոր առաջարկներով, իսկ խնդիրների առկայության դեպքում՝ բարձրաձայնել դրանք:
ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հիշեցրել է, որ մատակարարվող բոլոր ապրանքատեսակները պարտադիր անցնելու են լաբորատոր փորձաքննություն, և ընդունվելու է միայն բարձրորակ արտադրանքը: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը նաև շեշտել է, որ զինված ուժերի ղեկավարությունն առաջնահերթությունը տալիս է հայրենական արտադրողին և շահագրգիռ է, որ գնումները կատարվեն տեղական արտադրողից, սակայն միայն այն դեպքում, եթե դա չի ազդելու մատակարարման որակի վրա: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն