Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը


Մհեր Գրիգորյանը մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը

  • 21-01-2020 19:12:03   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը, որը զուգահեռաբար տեղի էր ունենում նաև KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում: Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման ծրագիրն իրականցվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես ասել է.
 
«Հարգարժա՛ն պարոն դեսպան,
 
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
 
Նույնիսկ մթնոլորտը և ձևաչափը միջոցառման շատ ոգևորիչ է:
 
Ողջունում եմ բոլորիդ: Մեծ սիրով ընդունեցի այսօրվա միջոցառմանը մասնակցելու հրավերը և ինձ համար պատիվ է այսօր գտնվելու Բեռլինի Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությանը:
 
Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման:
 
Հայաստանը դառնում է նորարարական գաղափարների գեներացման երկիր, որն արդեն իսկ սկսել է արտահանել իր գաղափարը այնպիսի երկրներ ինչպիսիք են՝ Գերմանիան և Ֆրանսիան:
 
Գերմանիան միշտ եղել է և կմնա մեզ համար կարևոր գործընկեր, իսկ KfW բանկի հետ համագործակցությունը զգալի ներդրում է երկրում թափանցիկ և ճիշտ գործելակերպ խթանելու համար:
 
Թումոն ուղղակի նորարարական կենտրոն չէ, այն հարթակ է երեխաների մոտ կաղապարներից դուրս մտածելակերպ ձևավորելու համար: Թումոն տալիս է հնարավորություն ապագայի նպատմամբ ունենալու վստահություն, քանի որ Թումոյի սաները քայլում են համահունչ ժամանակակից միտումներին՝ երբեմն նաև առաջ անցնելով դրանցից:
 
Հայաստանում ձևավորված նորարարական գաղափարների արտահանման ներուժը բավականին մեծ է, ինչի վկայությունն է նաև այսօրվա միջոցառումը: Աշխարհը պետք է Հայաստանին ընկալի առաջին հերթին որպես մարդկային ռեսուրսներով հարուստ երկիր:
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ երկու կողմերին էլ այս նախաձեռնությունը իրականություն դարձնելու համար և Բեռլինի Թումո կենտրոնին մաղթում եմ արգասաբեր աշխատանք և մեծ հաջողություններ:
 
Հարգելի՛ բարեկամներ,
 
Իրոք, մենք մասնակցում ենք մի միջոցառման, որը մեզ համար իրականության մեջ բոլոր առումներով կարելի է անվանել որպես դասական միջոցառում: Ինչու, որովհետև սա նման է մեր երազանքների իրականացմանը, երբ Հայաստանը հնարավորություն ունի արտահանել միտք, գաղափար, ինչը, կարծում եմ, մեր զարգացման համար շատ կարևոր է: Հերթական անգամ անում ենք այս արձանագրումը: Եվ հերթական անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կողմերին և բոլոր մասնակիցներին, ովքեր այս իրադարձությունը կյանքի են կոչել:
 
Շնորհակալություն ուշադրության համար»: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն