Հայաստանը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը․ Արմեն Սարգսյան


Հայաստանը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը․ Արմեն Սարգսյան

  • 22-01-2020 11:48:15   | Շվեյցարիա  |  Քաղաքական

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:
 
Նշելով, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և երկու երկրների դինամիկ հարաբերությունների համատեքստում շարունակելու է ակտիվացնել ու խորացնել կապերը նաև անմիջականորեն Իրաքյան Քուրդիստանի հետ։ Որպես դրան նպաստող կարևոր գործոն՝ Հայաստանի նախագահը նշել է հայերի ներկայությունը, որոնք, ապրելով Իրաքյան Քուրդիստանում, իրենց նպաստն են բերում նրա զարգացմանը։
 
Հնարավոր համագործակցության ոլորտներ են դիտարկվել տեղեկատվական տեխնոլոգիաները, ստեղծագործ կրթությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային կառավարումը։ Հայաստանի նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է տրամադրել իր փորձը էլեկտրոնային կառավարման ոլորտում։
 
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից բացի որպես համագործակցության ոլորտ զրուցակիցները հեռանկարային են համարել բարձրագույն կրթությունը, այդ թվում՝ Հայաստանի համալսարաններում Իրաքից, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանից ուսանողներին ուսանումը։ 
Նոյյան տապան  -   Քաղաքական