Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունն այսօր մսխվում է. Էդմոն Մարուքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունն այսօր մսխվում է. Էդմոն Մարուքյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-01-2020 12:49:21   | Հայաստան  |  Հասարակություն



Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ իրենց վստահությունն այսօր մսխվում է: 
 
Այս մասին հունվարի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Երևան համայնքում կոռուպցիայի բացահայտմանն ուղղված Աժ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու որոշման նախագիծը չընդունելուն: 
 
Ըստ նրա՝ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես են եկել դեկտեմբերին և երեկ պետք է հաստատվեր հանձնաժողովի անդամների կազմը, մինչդեռ կազմը հաստատելու փոխարեն իշխող կուսակցությունից 2 տասնյակից ավելի պատգամավորներ իրենց ելույթներով փորձել են խեղաթյուրել գործընթացը: 
 
«Խորհրդարանական կառավարման երկրներում ամենակարևոր պաշտոնյաներից մեկը դա իշխանական խմբակցության ղեկավարն է: Երեկ խմբակցության ղեկավարը ելույթ ա ունենում ու ասում՝ ««Իմ քայլը» դաշինքը որոշել ա դեմ քվեարկի». մարդը խոսք ա ասում. առավոտը գալիս են, հայտարարում են, որ «Իմ քայլը» դաշինքը չի քվեարկի, էլի խոսք ա, էլի դիրքի ու լրջության հարց ա, դե հիմա երկրում անլրջության շքերթ ա: Բայց դե մենք բոլորին սթափեցնելու ենք, որ մարդիկ բաներ են խոսում իրենք իրենց խոսքին հետևեն, որովհետև խոսքը քաղաքական խոսքի մասին ա գնում»,- նկատեց Է. Մարուքյանը: 
 
Նրա խոսքերով՝ իշխող խմբակցությունը չքվերակելով որոշման ընդունմանը՝ տապալել է հանձնաժողովի ձևավորումն այն դեպքում, երբ հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով:  
 
Մարուքյանի փոխանցմամբ, եթե հանձնաժողովի անդամների թիվը հաստատվեր, ապա այդ հանձնաժողովում «Իմ քայլը» ունենալու էր յոթ, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասին չորս անդամ, հետևաբար հանձնաժողովի անդամների մեծամասնությունը կարող էր տապալել ցանկացած հարցի քննարկումն իր քվերակությամբ, սակայն նույնիսկ այդ պարագայում իշխանությունը վախենում է: 
 
«Ինչո՞ւ, որովհետև կան կասկածներ և այդ կասկածները փոխանակ փարատեն իրենք կոռուպցիոն գործարքների վերաբերյալ, իրենք այդ կասկածներն արմատավորում են. սա մի մասը, մյուս մասն այլընտրանքային խոսք ու կարծիք լսելու անհանդուրժողականության մասին է»,- ընդգծեց ԼՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ իշխող խմբակցության պատգամավորներն էյֆորիայից գլուխները կորցրել են և գնալով տրվում են իշխանություն ունենալու գայթակղությանը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն