2019-ին մայրական մահացության ցուցանիշն աճել է. ոլորտի պատասխանատուներն առաջարկում են եզրակացություն անելիս չշտապել

23-01-2020 11:57:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀԺ  2019-ին արձանագրվել է մայրական մահացության 13 դեպք, 2018-ին եղել է 8-ը, 2017-ին՝ 3-ը: 2006-2016 թվականների ընթացքում Հայաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է մայրական մահացության 100 դեպք: Մահերի ամենամեծ թիվն արձանագրվել է 2008-ին՝ 16 և 2016-ին՝ 14 դեպք:
 


Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ 2017-ին մայրական մահացության 3 դեպքից 1-ն է եղել մանկաբարձական պատճառով, իսկ 2018-ի 8 դեպքից՝ 2-ը:
 
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն դիտարկմանը, որ բացարձակ թվով այս տարի մայրական մահացության (կնոջ մահը՝ հղիության ընթացքում կամ դրան հաջորդող 42 օրերին՝ հղիության հետ կապված որևէ պատճառով) ցուցանիշներն աճել են՝ ՀՀ առողջապահության նախարարության Մայրական եւ վերականգնողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ասաց. «Մինչեւ 5 մլն ազգաբնակչություն ունեցող երկրները երեք տարվա կտրվածքով են մայրական-մանկական մահացություն հաշվարկում: Երեք տարվա կտրվածքով այդ ցուցանիշը չի գերազանցում 20-ը 100 հազարի պարագայում: Նախորդ երեք տարին էլ է այդպես եղել»:
 
Պատասխանելով հնարավոր պատճառների մասին հարցին՝ նա հիշեցրեց, որ մարդու առողջության պահպանման մեջ առողջապահությունն ունի միայն 20 տոկոս մասնակցություն, մնացածն այլ ոլորտների խնդիր է՝ շրջակա միջավայր, սնունդ, հիգիենա, աշխատավայր, ընտանիք,
հարաբերություններ, կենսամակարդակ:
 
Մանկական-մայրական մահացության պատճառների մեջ ո՞ր տեղում է հանքարդյունաբերությունը. բնապահպանների այն պնդմանը, որ ակտիվ հանքերի մոտ թե մեռելածնությունը, թե հատուկ կարիքներով երեխաների ծնունդը, թե մայրական մահացության ցուցանիշը բարձր է՝ Ավագյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, մեծ կոնտրաստ չունենք: Ճիշտ է, կան նման դեպքեր, բայց այդպես շեշտադրել, որ դա կապված է հանքարդյունաբերության հետ, չեմ կարող, քանի որ դրա մասնագետը չեմ: Բայց, իհարկե, դա ինչ-որ չափով նպաստում է»:
 
2019-ի սեպտեմբերին Առողջապահության նախարարության իրականացրած հետազոտության տվյալներով՝ մայրական մահացության դեպքերի 40 տոկոսն է պայմանավորված եղել հղիության եւ ծննդաբերության բարդություններով: Մնացած 60 տոկոսի պարագայում մահը պայմանավորված է եղել կնոջ՝ նախկինում ունեցած հիվանդություններով, դրանց անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես` սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս, լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետեւանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:
 
Առողջապահության նախարարության կայքից տեղեկանում ենք, որ որոշվել է մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով առաջիկայում իրականացնել հետեւյալ քայլերը.
 
Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
 
Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ եւ կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման եւ ծննդալուծման պլաններ:
Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների վրա:
 
Ձեւավորել մշակույթ` մայրական մահերի դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության եւ քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավելով բոլոր մասնագետներին:
 
Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը:
Տխրությունը փորձենք մեղմել մանկական մահացության ցուցանիշներով. դրանցում նվազում է նկատվել: Ըստ վիճակագրության պետական կոմիտեի տվյալների՝ 1000 կենդանածնի պարագայում 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերն ունեն հետևյալ պատկերը. 2015-ին`մահացության 370 դեպք, 2016-ին՝ 356, 2017-ին` 307, 2018-ին՝ 260 դեպք։ Նորածինների համար կյանքի առաջին 28 օրը կրիտիկական նշանակություն ունի: Այդ մահերի 1/3-ը գրանցվել է անմիջապես նրանց ծնվելու օրը, իսկ 3/4-ը՝ ծնվելուն հաջորդող առաջին շաբաթվա ընթացքում: Նաև, նորածնային մահացության ցուցանիշը ավելի դանդաղ է նվազում, քան մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը:
 
 
որակը: Տխրությունը
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 234 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար