Բանակն անցել է. տխուր վկայություն


Բանակն անցել է. տխուր վկայություն

  • 23-01-2020 15:18:26   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայաստանի խորհրդարանում շարունակվում է ընթացիկ շաբաթ բռնկված մեծամասնություն-ընդդիմություն թունդ բանավեճը կամ վիճաբանությունը: ԲՀԿ չորս պատգամավորների հայտնի «ռազբորկայի» փորձից հետո «էստաֆետը» վերցրել է մյուս ընդդիմադիր խմբակցությունը, թերեւս ուշադրությունից դուրս չմնալու համար: Այժմ էլ թեժ է ԼՀԿ-«Իմ քայլը» հռետորաբանությունը:
 
Շաբաթներ առաջ պաշտպանական բնագավառի մի միջոցառման առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական բանակը պետք է լինի աշխարհում ինտելեկտուալ բանակներից մեկը, այդ առումով ռեգիոնալ առաջատարը: Թեեւ վարչապետը չմանրամասնեց, թե ինչ է ներառվում այդ բնորոշման ներքո եւ որոնք պետք է լինեն չափանիշները կամ հայկական բանակի ինտելեկտի բնութագրիչը, այդուհանդերձ պարզ է թերեւս, որ այստեղ խոսքը չի կարող լինել միայն այսպես ասած խելացի տեխնոլոգիաներով եւ սպառազինությամբ գերհագեցածության մասին:
 
Բանակի ինտելեկտը նաեւ պետք է ենթադրի արդյունավետ մասնակցություն ու ներգրավվածություն պետական քաղաքականության օրակարգի ձեւավորմանը: Պետական քաղաքականությունը ներքին ու արտաքին քաղաքական, տնտեսական, մշակութային, նաեւ քաղաքակրթական ուղղությունների եւ իրողությունների համախումբն է, որի հանրագումարում պետք է ձեւավորվի հայկական պետականության անվտանգության, եւ այդ պետականության ու հայության համաշխարհային դերի, առաքելության կոնցեպտը, հեռանկարը:
 
Այլ կերպ ասած, հայկական բանակը պետք է ոչ միայն ձեւակերպի եւ իրականացնի իր անմիջական ոլորտային կամ գերատեսչական գործառույթից բխող գործը, այլ պետք է ձեւակերպի նաեւ իր ռազմա-քաղաքական խոսքը՝ ուղղված թե հայությանը, թե ռեգիոնալ ու համաշխարհային անվտանգության միջավայրի կայունությամբ շահագրգռված ուժային կենտրոններին, նոր աշխարհակարգի ձեւավորման բարդ գործընթացի մասնակիցներին:
 
Հարցն այն է, որ հայկական պետականությունը ձեւավորվել է, գոյություն ունի եւ պետք է զարգանա մի միջավայրում, որտեղ բանակի դերն ունի առանցքային նշանակություն, ըստ այդմ խորքային զարգացման հեռանկարում եւ պետական քաղաքականության հանրագումարում այն չի կարող սահմանափակվել լոկ ոլորտային գործառույթի իրականացմամբ: Հայկական բանակի ինտելեկտը պետք է ներառի պետականության զարգացման որոշակի համապարփակ միտք ու խոսք:
 
Ընդ որում, հատկանշական է այդ դերի ու առաքելության՝ նախորդ քառորդ դարում բաց թողնված, չիրացված այդ դերի եւ առաքելության իրացման միտումը, մեկնարկը, որն արտահայտվում է մի կողմից բանակի ոլորտային արդիականացմամբ, մյուս կողմից դրան զուգահեռ պետական քաղաքականության տեքստերում պաշտպանության նախարարի ներգրավվածության աճով, ընդ որում՝ ձեւակերպումների եւ ուղենիշների կարեւոր հատկանշականությամբ:
 
Ինչպիսի՞ն պետք է լինի համաշխարհային ներկայիս շրջափուլում Հայաստանի եւ հայության մարտահրավերների, միաժամանակ հնարավորությունների պատմական հանգրվանում հայկական քաղաքական դասի եւ մասնավորապես խորհրդարանի ռազմա-քաղաքական, ռազմավարական ինտելեկտը: Անցնող շաբաթը տխուր վկայությունն է այն բանի, որ բանակն այդ հարցում անցնում է խորհրդարանին եւ թերեւս հայկական քաղաքական դասին:
 
Լավ է, որ անցնողը հայկական բանակն է, բայց վատ կլինի, թե չդրվի նաեւ հայկական խորհրդարանի ինտելեկտի խորքային խնդիրը:
Նոյյան տապան  -   Վերլուծություն