ՀՀ նախագահը Կանադայի գեներալ-նահանգապետին հրավիրել է Հայաստան

23-01-2020 15:38:19   | Իսրայել  |  Մամլո հաղորդագրություն
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետի հետ, հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
 


Նշելով, որ
Կանադայի ու Հայաստանի միջև
բարեկամությունն ունի լավ պատմություն, նախագահ Սարգսյանը միաժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն: Նա նշել է, որ ակնկալում են առաջընթաց Հայաստանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ, ինչի շնորհիվ երկկողմ հարաբերությունները նոր խթան կստանան:
 
Զրուցակիցներն ընդգծել են Կանադայում իր ուրույն դերակատարությամբ և կազմակերպվածությամբ աչքի ընկնող հայկական համայնքի մեծ ներդրումն այդ երկրի հաջողության պատմության գործում՝ նշելով, որ այն երկու բարեկամ երկրները միմյանց կապող հուսալի կամուրջ է: Այդ համատեքստում նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել ջերմ ու մարդասիրական վերաբերմունքը Սիրիայից Կանադա տեղափոխված մեր հայրենակիցների նկատմամբ:
 
Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել կրթության, գիտության, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում: Ներկայացնելով Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ բազմաբաղադրիչ այս ծրագրի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային ընկերություններին բերել Հայաստան, որտեղ նրանք կարող են զբաղվել արհեստական բանականության զարգացմամբ, մաթեմատիկական մոդելավորմամբ և այլ ուղղություններով։ Նա նշել է, որ ուրախ կլինեն այս հարթակում, ի թիվս տեխնոլոգիական այլ գործընկերների, տեսնել նաև կանադական ընկերություններ:
 
Հայաստանի նախագահը Կանադայի նահանգապետին, նաև որպես տիեզերագնացության և տիեզերագիտության ոլորտի մասնագետ-գիտնականի, հրավիրել է Հայաստան՝ իր մասնակցությունը բերելու STARMUS 6-րդ միջազգային փառատոնին, որի շրջանակում Հայաստան կայցելեն նոբելյան մրցանակի դափնեկիրներ, աշխարհահռչակ գիտնականներ, տիեզերագնացներ, երաժիշտներ։ Փառատոնի նպատակը գիտության հանրաճանաչությունն է, երիտասարդ սերնդին ոգեշնչելն ու գիտությամբ զբաղվելը նրանց համար գրավիչ դարձնելը։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 261 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար