Մեկնարկել է «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը


Մեկնարկել է «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» գիտաժողովը

  • 24-01-2020 11:27:36   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ, Բոլոնիայի համալսարանի (Իտալիա) Մշակութային ժառանգության դեպարտամենտի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Համագործակցության զարգացման իտալական գործակալության աջակցությամբ՝ հունվարի 23-ին, Մատենադարան. Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի է ունեցել «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողովի պաշտոնական բացումը: 
         
Պաշտոնական  բացմանը  մասնակցել են  ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն,   ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, Համագործակցության զարգացման իտալական գործակալության  ներկայացուցիչ  Պիետրո Պիպին, Բոլոնիայի համալսարանի մշակութային ժառանգության դեպարտամենտի  ղեկավար  Լուիջի Կանետտին,  Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն  Արման Ծատուրյանը, Մշակութային ժառանգության կառավարման, պահպանության, արժևորման տարածաշրջանային կենտրոնի  տնօրեն  Անի Ավագյանը:
 
«Կանայք, որ ղեկավարում են այս կառույցը, շատ նպատակասլաց են և պրոֆեսիոնալ, և վստահ եմ, որ հանուն համաշխարհային մշակույթի ժառանգության պահպանման՝ Տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցությունը շատ արդյունավետ է լինելու և նոր դռներ է բացելու»,-ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը:
 
 «Մշակութային ժառանգություն. փորձ և հեռանկարներ միջազգային համատեքստում» խորագրով գիտաժողովը տեղացի, տարածաշրջանի և միջազգային փորձագետների համար փորձի փոխանակման հարթակ է: Գիտաժողովի ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող մշակութային ժառանգության կառավարման և խնամքի, ոլորտի մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև համայնքի ներգրավման ձևերն ու հիմնախնդիրները, տարածաշրջանի մասնագետները մտքեր են փոխանակել մշակութային արժեքների արժևորման, կառավարման և պահպանության վերաբերյալ, կողմերը հանդես են եկել զեկույցներով:
 
«Մենք պատասխանատվություն ենք կրում սերունդների համար՝ պահպանելու և նրանց փոխանցելու մեր մշակութային ժառանգությունը: Վստահ եմ՝ համաժողովի ավարտին շատ բան կունենանք մեզ հետ տանելու»,-իր խոսքում նշել է ՀՀ-ում  Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն:
 
Գիտաժողովը կշարունակվի նաև հունվարի 24-ին: Այն կեզրափակվի մասնագիտական կլոր սեղան-քննարկումով. մասնակիցները կներկայացնեն իրենց մոտեցումները ներկայացված թեմաների վերաբերյալ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն