Հայկ Մարությանն այցելել է Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածի շինհրապարակ

24-01-2020 12:50:07   | Հայաստան  |  Հասարակություն
Երևանի օղակաձև ճանապարհի արևմտյան հատվածում, չնայած ձմեռային տարեշրջանին, շինարարական աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով։ Արգավանդ-Շիրակ ճանապարհը կունենա 2.7 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24-28 մետր լայնությամբ: Այն իրար կկապի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները: Ծրագրի ընթացքին աշխատանքային այցի ժամանակ ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
 


«Սա մեր կարևորագույն ծրագրերից է, որը պետք է բեռնաթափի քաղաքը, նաև տա այլընտրանքային ճանապարհներ՝ քաղաքի տարբեր հատվածներ հասնելու համար: Հաշվի առնելով տրանսպորտային այն միջոցների քանակը, որը ներկրվեց վերջին երկու տարվա մեջ, սա ավելի քան անհրաժեշտություն է, սա արդեն կենսական խնդիր է Երևանի համար»,- նշում է քաղաքապետը:
Շինարարությունը մեկնարկել է նախորդ տարեվերջին՝ Ասիական զարգացման բանկի «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» տրանշ 2-ի ֆինանսավորմամբ։
Մայրաքաղաքի երթևեկությունը տրանսպորտային հոսքերից բեռնաթափելու նպատակով քաղաքապետարանը տարբեր ծրագրեր ու նախագծեր է դիտարկում: Որպես առանցքային քայլ՝ քաղաքապետ Մարությանը նաև տրանսպորտային նոր ցանցի ներդրումն է համարում:
«Քաղաքը բեռնաթափելն այսօր բոլոր
մեծ քաղաքների խնդիրն է, և Երևանը նույնպես դուրս չմնաց այդ ցուցակից: Այստեղ լուծումը միայն ճանապարհաշինությունով չի ավարտվում. լուծումները պետք է համալիր լինեն: Ինձ համար, նաև ամբողջ աշխարհում դա այդպես է՝ այդ ամեն ինչի առանցքում ընկած է տրանսպորտային ցանցը: Ուստի, մենք այս ճանապարհաշինությանը համատեղ, զուգահեռ պետք է շատ կոնկրետ և արագ լուծում տանք մեր նոր տրանսպորտային ցանցի խնդրին: Այս պահին ամեն ինչ անում ենք, որ այս երկու գործընթացները զուգահեռաբար ավարտենք»,-նկատում է Հայկ Մարությանը:
 
Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252մ երկարությամբ և 28 մետր լայնությամբ մետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանց՝ Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց հատման ճանապարհային հանգույցում։ Այս պահին շինարարները կառուցում են կամրջի հիմքերը: Նոր կամուրջն, ի դեպ, կունենա անձրևաջրերի մաքրման հատուկ կայան, որը հնարավորություն կտա զտել անձրևաջրերը՝ դրանք գետ լցնելուց առաջ:
Ծրագրի ընթացքում կտեղափոխվեն անհրաժեշտ բոլոր հաղորդուղիները, իսկ լուսավորության համակարգում կտեղադրվեն էներգախնայող LED լուսատուներ: Իսպանական «Լևանտինա ինխենեյրիա կոստրուցիոն» ընկերության լիազոր ներկայացուցիչ Լուիզ Լոփեզ Մոլոնին վստահեցնում է, որ աշխատանքները
կավարտվեն նախատեսված ժամկետում: Շինարարությունը կտևի 21 ամիս:
 
Դեպի Արգավանդի խճուղի ձգվող ճանապարհն այնուհետ կմիանա Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածին: Ճանապարհի այդ հատվածը կունենա 9,4 կմ երկարություն, 4-6 երթևեկելի գոտի՝ միջինը 24 մ լայնությամբ:
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել 2020թ.: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն և իրար կկապի մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը:
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 270 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար