2020 թվականին կլուծվի 1988-ի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 453 ընտանիքի բնակարանային խնդիրը. Նիկոլ Փաշինյան
25-01-2020 11:37:44 | Հայաստան | Հասարակություն
2020 թվականին կլուծվի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 453 ընտանիքի բնակարանային խնդիրը:
Այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դարձյալ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:
Ըստ նրա՝ նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք:
«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը»,- ընդգծեց վարչապետը:
Նրա խոսքերով՝ աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար կառավարությունը 2019 թվականին հատկացրել է 1.3 մլրդ դրամ: