Հանրությունը ձեզ դրա համար չի բերել նստեցրել վարչապետի պաշտոնին

27-01-2020 10:15:46   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի  զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը
 


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեր է հրապարակում, որ 2018-ի մայիսից Հրայր Թովմասյանը իրեն ուղղված առաջարկներով է հանդես եկել, որոնք ինքը մերժել է, որովհետև ինքը նախկինների հետ չի գնում համագործակցության։ Սրանով ՍԴ-ի շուրջ առկա խնդիրը մոտեցա՞վ իր լուծմանը, թե՞ ընդհակառակը, այս բոլոր քայլերով ավելի է խորանում իրավիճակը։
 
Հարցը ավելի շատ հռետորական է, ես ավելի շատ կցանկանայի այլ համատեքստում գնահատել վարչապետի ասուլիսը։ Նիկոլ Փաշինյանի զբաղեցրած կարգավիճակը տալիս է հնարավորություն արձանագրելու, որ այդ պաշտոնում գտնվող անձը պետք է ոչ միայն վկայակոչի փաստեր և իրադարձություններ, այլ նաև պաշտոնից բխող գործառույթներ իրականացնի և, ըստ էության, եթե առկա են ՍԴ նախագահի հետ կապված խնդիրներ, բնականաբար, այդ քայլերին պետք է իրավական գնահատականներ տալ։ Եթե իրավական գնահատական չի տրվում այդ ամենին, եթե ասվում է, որ միլիարդները չկան, այդ ամենը հանրությունը գիտի, եթե այդ ամենը չիմանար, դուք չէիք լինի վարչապետ։ Այդ ամենը հանրությունը տեսել է, դրա համար էլ ձեզ բերել նստեցրել է վարչապետի պաշտոնին։ Բայց բերել է ոչ նրա համար, որ դուք ամեն անգամ իրեն հիշեցնեք, թե ով է Սերժ Սարգսյանը, ով է Հրայր Թովմասյանը, ինչպես է աշխատել կոռումպացված համակարգը, այլ որ իրավական գնահատական տաք այդ մարդկանց արարքներին։ Թե չէ մենք բոլորս գիտենք, թե ում գրպանում ինչքան փող կա։ Հիմա եթե դուք ասում
եք, որ Սերժ Սարգսյանի կոստյումում կան միլիարդներ և նրան ընդամենը մեկ մլն դոլար յուրացնելու մեղադրանք է առաջադրվել, ծիծաղելի վիճակում Սերժը չէ, որ հայտնվում է։ Եթե այդ միլիարդները կան, ես էլ որպես ՀՀ քաղաքացի պնդում եմ, որ մենք ձեզ բերել դրել ենք այդ աթոռին, որ դուք կոպեկ առ կոպեկ հետ բերեք այդ թալանված փողերն ու դնեք բյուջեում։ Թե չէ ամեն 3 ամիսը մեկ ասուլիս տալ ու ասել, որ նախկին կոռումպացված ռեժիմը թալանել ու լափել է, անիմաստ է։ Մենք գիտենք դրանց մասին, մենք ուզում ենք, որ այդ թալանված փողերը հետ բերվեն։ Ես կուզենայի, որ մենք ավելի լուրջ, ավելի սթափ, ավելի հավասարակշռված գնահատականների ականատես լինենք։ Ընդհանրապես, պետության առաջնորդի կարգավիճակը ենթադրում է, որ նրանք ավելի արմատական, ավելի խորքային խնդիրներ պետք է քննարկեն, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների և դրանց հնարավոր լուծումների մասին խոսեն։ Ես այդ 5 ժամ տևած
ասուլիսում կուզենայի լսել, թե օրինակ ինչպիսին է Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ ներկա քաղաքական իշխանության ընկալումը, ինչպես պետք է լուծվեն հայ-թուրքական հարաբերությունները, ինչպես են լուծվելու էներգետիկ խնդիրները, գազի խնդիրը, ինչպես են լուծվելու մեր անվտանգային ոլորտի լրջագույն խնդիրները։ Գլոբալ խնդիրների մասին պետք է մտածել, իսկ մենք տեղայնացրել ենք հարցերը՝ Սահմանադրական դատարան, հեղաշրջման փորձ և այլն։
 
Հրայր Թովմասյանն իր պաշտպաններին խնդրել է, որ հայց ներկայացնեն վարչապետի դեմ։
 
Իհարկե, ընդհանրապես, կլինի Նիկոլ Փաշինյանը, թե Հրայր Թովմասյանը, ես կարծում եմ, որ մենք պետք է մի գիծ սահմանենք, որ պետական պաշտոնատար անձի հայտարարությունների տակ պետք է փաստ և իրականություն լինի, օբյեկտիվ ճշմարտություն։ Չեմ ուզում շատ բան ասել, բայց Հրայր Թովմասյանի, Սերժ Սարգսյանի, նախորդ քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների արձագանքները տեսեք այդ ասուլիսից հետո։ Դրանց բոլորի լեզուն այսօր երկարացրել է  Նիկոլ Փաշինյանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը ռեալ պայքարեր կոռուպցիայի դեմ, կոռուպցիոներների դեմ, իշխանությունն իսկապես իրավական գնահատական տար այդ համակարգի ներկայացուցիչներին, ոչ թե միայն խոսեր այդ մասին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք։ Դրանց մեծամասնության լեզուն  այսօր ուղղակի այդքան երկար չէր լինի, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործել։ Հիմա տեսեք, ինչ վիճակ է ստացվում. այս մարդիկ սկսել են հարձակվել, սկսել են արդեն գնահատականներ տալ, խոսել բոլորովին այլ շեշտադրումներով, ինչը բոլոր դեպքերում մտահոգում է։ Ես կասեմ հետևյալը. եթե պետական պաշտոնատար անձը խոսում է, նա պետք է խոսի հիմնված փաստերի, հիմնավորումների և թվերի վրա։
 
Ինձ մի բան էլ զարմացրեց վարչապետի ասուլիսի ժամանակ. 100 փաստերի հիշատակումը մոտ 2 ժամ է տևել և դրանից հետո որևէ լրագրող այդ 100 հարցի մասին ոչինչ չհարցրեց վարչապետին։ Այսինքն ի՞նչ է ստացվում. լրատվական դաշտին, հանրությանը բոլորովին այլ խնդիրներ են հետաքրքրում, իսկ կառավարության ղեկավարը բոլորովին այլ խնդիրներ է մատնանշում։ Հիմա պետք է հարցնել. Կամ մեր լրատվական դաշտին չեն հետաքրքրում այդ 100 փաստերը, կամ էլ կառավարության ընկալումն է հանրային հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ տարբեր։ Որովհետև ստացվում է, որ մեր հանրությանը, լրատվամիջոցներին հուզում են բոլորովին այլ հարցեր, քան նրանք, որ վարչապետն է ներկայացնում։ Սա այն պարագայում, երբ ես կուզենայի, որ մենք ավելի համակարգված և ռազմավարական մտածողություն ենթադրող հարցերի մասին խոսեինք։
 
Պարոն Նորիկյան, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ իրավական առումով ոչ մի գնահատական չհնչե՞ց։
 
Փաշինյանը լրագրողին ասաց, թե կիսում է լրագրողի զարմանքը, թե ինչու կոռումպացված պաշտոնյաները մինչև հիմա ազատության մեջ են։ Այսինքն՝ սա այն է, ինչ ես մեկ տարի շարունակ ասում եմ իմ հարցազրույցներում։ Այնուամենայնիվ, ուզում եմ մի բան արձանագրել ՍԴ-ի հետ կապված։ Ընդամենը մի քանի օր անց՝ հունվարի 31-ին, կավարտվի այն ժամկետը, որը պատուհան էր բացել ՍԴ անդամների վաղաժամկետ կենսաթոշակի գնալու համար։ Եթե այդ օրը լրանալուց հետո ՍԴ որևէ անդամ այդպես էլ այդ օրենքի հնարավորություններից չօգտվի, ես կհամարեմ, որ  ՍԴ-ի շուրջ ստեղծված այս ամբողջ գործընթացում իշխանության ձեռնարկած բոլոր քայլերը ուղղակի տապալվել են, որ այն գործընթացները, որոնք իրականացվել և իրականացվում են այս պահին, մատնվել են անհաջողության, ուստի այդ գործընթացի բոլոր ճարտարապետները առնվազն քաղաքական պատասխանատվության են ենթակա, քանի որ դեռ 6 ամիս առաջ իրենց հրապարակավ զգուշացվել էր, որ եթե ՍԴ-ի հետ կապված խնդիր ու ճգնաժամ եք տեսնում, դրա հաղթահարումը պետք է իրականացվի վերանձնային հարթությունում, որը կլիներ ավելի լեգիտիմ, ավելի ժողովրդավարական, և այսօր Հրայր Թովմասյանի ու իր աջակիցների, նախորդ քաղաքական ռեժիմի ներկայացուցիչների լեզուն էլ այսքան երկար չէր լինի՝ որ իրականացվում է քաղաքական հետապնդում՝ խնդիր դնելով լիկվիդացնել Հրայր Թովմասյանին։ Իսկ դրա միակ իրավական լեգիտիմ ճանապարհը սահմանադրական փոփոխությունների միջոցով սահմանադրական արդարադատություն իրականացնող նոր մարմին ձևավորելն է։ Անձամբ ես մի քանի ամիս առաջ հրապարակավ իրենց զգուշացրել եմ այդ մասին, ավելի ճիշտ հուշել եմ։ Հիմա մենք նոր ասում ենք, որ եթե սա չլինի, նոր կգնանք սահմանադրական փոփոխությունների ճանապարհով։ Եղբայր, 6 ամիս առաջ ձեզ ասում էինք։ Արդյունքում ի՞նչ շահեցինք։ Արդյունքում 6-7 ամիս արհեստական օրակարգ ձևավորեցինք և հանրությանը պահեցինք լարվածության մեջ։ Հետո իրավական գնահատական է տրվում, մեղադրանք է առաջադրվել ՍԴ նախագահին, եղբայր, թողեք, որ վարույթ իրականացնող մարմինները քրեական հետապնդում իրականացնեն։ Դուք արդեն իսկ որոշել եք, ով է աթոռը զավթել, ով է կեղծիք իրականացրել, դատարանի գործառո՞ւյթ եք իրականացնում։ Սրա պատասխանն ո՞վ պետք է տա։ Բա խոսում ենք դատական անկախ համակարգի ձևավորման, արդարադատության, դատական համակարգի վերափոխման մասին։
 
Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին պետք է դատել ՀՀ լեգիտիմ միջոցներով, օրինական դատարանի միջոցով, արդարադատության իրականացման միջոցով։ Ամենավերջին ճիվաղին անգամ պետք է դատել օրենքով։ Բայց եթե մենք նախապես արդեն որոշում ենք, որ սա հանցագործ է, կեղծիքի միջոցով զավթել է իշխանությունը, ինչո՞ւ չենք խոսում կառավարման համակարգի փոփոխության մասին։ 2015 թվականին Հայաստանում իրականացվել է սահմանադրական հեղաշրջում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ այդ հեղաշրջման ճարտարապետը եղել է Հրայր Թովմասյանը։ Երբ այն ժամանակ սահմանադրական հեղաշրջում էին իրականացնում և դրա արդյունքում փոխում էին կառավարման համակարգը, պարոն վարչապետ, դա հանցագործությո՞ւն չէ, և դուք ասում եք՝ կառավարման համակարգին ձեռք չենք տալիս։ Այնինչ իրական հանցագործությունը հենց այդ ժամանակ է կատարվել։ Հրայր Թովմասյանին պետք է դրա համար դատել, ոչ թե այս ամենի համար։ Այն, ինչ ձեզ ձեռք է տալիս, դուք դրա մասին չեք խոսում, իսկ որը ձեզ պետք է՝ դրա մասի՞ն եք խոսում։
 

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1214 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար