Երբ ՍԴ նախագահը հասկացել է, որ իշխանությունը չի կոծկելու իր կեղծիքները, սկսել է քաղաքական դաշտում պաշտպանություններ փնտրել. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Երբ ՍԴ նախագահը հասկացել է, որ իշխանությունը չի կոծկելու իր կեղծիքները, սկսել է քաղաքական դաշտում պաշտպանություններ փնտրել. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-01-2020 14:26:26   | Հայաստան  |  Քաղաքական



Այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանի նախագահի համար ակնհայտ էր, որ իշխանությունը ոչ մի կերպ չի համաձայնում և չի համաձայնելու իր կողմից արված կեղծիքները կոծկել, այդ ժամակվանից սկսած՝ ՍԴ նախագահը քաղաքական դաշտում սկսեց իր համար որոշակի պաշտպանություններ փնտրել: 
 
Այս մասին հունվարի 27-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ ողջ գործընթացն իր կուլմինացիային հասել է ապրիլ-մայիս-հունիս ժամանակաշրջանում: 
 
Ըստ Ն. Փաշինյանի՝ մինչ այդ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված խնդիրներ չեն առաջացել, սակայն իրավաբաններն իրեն զգուշացրել են, որ Հ. Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքով:  
 
«Պետք է խոստովանեմ, որ այդ ժամանակ այդ տեղեկատվությամբ զբաղվելու ժամանակ չեմ ունեցել: Բայց փառք Աստծո, անցան ամիսներ և ես առիթ ունեցա ավելի մանրամասն լսելու. հրավիրեցի այն մարդկանց, ովքեր տիրապետում էին այդ ինֆորմացիային, ու ասացի, էդ որ ասում եք, մի հատ նորմալ բացատրեք հասկանամ, թե ինչ է կատարվում և կատարվել։ Ընդ որում՝ սա ինձ համար պրինցիպիալ հարց էր, քանի որ ասել էինք, որ պետք է օրինականության վրա հենվենք մեր բոլոր գործողություններում: Երբ ավելի մանրամասն տեղեկացա, թե ինչի մասին էր խոսքը, ինձ համար չկար նույնիսկ ընտրություն՝ դրանով պետք է զբաղվել, թե՞ ոչ: Ընդ որում, ասում եմ՝ մենք այդ ժամանակ ՍԴ նախագահի ու անդամների հետ ոչ մի պրոբլեմ չենք ունեցել: Բայց եղել է սկզբունքային հարց, որ առնվազն ստուգման կարիք ունեցող փաստը դրված էր սեղանին»,- մանրամասնեց վարչապետը: 
 
Նրա խոսքերով՝ այդ ժամանակ տալիս է համապատասխան հանձնարարական՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, և հենց այդ ժամանակ էլ ստանում է ազդակներ, թե նպատակահարմար չէ այդ պահին զբաղվել ՍԴ նախագահի հարցով, առավել ևս, որ վերջինս լիովին լոյալություն է ցուցաբերում: 
 
Ն. Փաշինյանի փոխանցմամբ՝ հենց այդ ժամանակահատվածում ի հայտ է գալիս ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, որից հետո իր համար ավելի հասկանալի է դառնում ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացված լինելու մասին թեման: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play