Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԱՀ պետական նախարար


Կստեղծվի հանձնաժողով` ուսումնասիրելու ՓՀԷԿ-երի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. ԱՀ պետական նախարար

  • 27-01-2020 18:23:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
 
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին եւ անելիքներին առնչվող հարցեր:
 
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները:
 
Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության եւ սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել է ոլորտում պետական քաղաքականության ռազմավարության մեջ:
 
«2019թ. թողարկվող էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հասցվել է տարեկան 480 մլն կՎտ.ժ-ի, 2018 թվականի համեմատ աճը կազմել է մոտ 25 տոկոս: Վերջին 5 տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում արձանագրվել է միջին տարեկան աճ 12,8 տոկոսի չափով, ներկայումս այն ապահովում է հարկային եկամուտներ պետբյուջե տարեկան շուրջ 2 միլիարդ դրամի չափով: Էներգետիկ անկախության ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքում ուրույն տեղ ունի նաև սոցիալական բաղադրիչը. ոլորտում ներգրավված է մոտ 500 աշխատող», - իր ելույթում նշել է պետական նախարարը՝ հավելելով, որ փոքր ՀԷԿ-երի կառուցման գործընթացում կառավառությունը մշտապես առաջնորդվում է բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությաններով:
 
Խորհրդակցության ընթացքում հնչած կարծիքների ու առաջարկությունների հիման վրա և հաշվի առնելով հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մասնագիտական հիմնավորումների հանրային պահանջը՝ պետական նախարարը հայտարարել է մասնագիտական հանձնաժողով ստեղծելու որոշման մասին:
 
Պետական նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովի գործունեությունը լինելու է առավելագույնս թափանցիկ, եւ դրա կազմում կընդգրկվեն հասարակական հատվածի, մասնագիտական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունից:
Գրիգորի Մարտիրոսյանը հանձնարարել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարությանը սեղմ ժամկետներում առաջարկություն ներկայացնել հանձնաժողովի կազմի վերաբերյալ:
 
Խորհրդակցությանը մասնակցում էին էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, բնապապահպանության և բնական ռեսուրսների նախարարները, Մարտակերտի, Շահումյանի, Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play