Ադրբեջանի գնդակոծությունների տակ, զրոյից բանակ ստեղծեցին Հայաստանի առաջին իշխանությունները...
28-01-2020 11:28:38 | Ադրբեջան | Հասարակություն
Աննախադեպը 88-ականներն էր։
Չարիքի կայսրության մինչեւ ուղնուծուծը բոլշեւիկ հասարակությունը մի քանի օրում դարձավ ազատասեր մարտիկ։ Մեր հակառակորդը շշկլված սերժիկները չէին, Սովետական էն դաժան բանակն էր, որ սոցճամբարի մի քանի երկրների ազատությունն էր տանկերի թրթուրների տակ ճխլել։ Մենք հանրահավաքներ էինք անում չորս կողմից շրջապատված տանկերի դղրդյունի «հոգեպարար հնչյունների» ուղեկցությամբ։
Երեւանի փողոցներում տանկերով հետապնդում էին մեզ, կրակում էին, ձերբակալում էին, սպանում էին։
Ամեն օր Ադրբեջանից մազապուրծ եղած փախստականների էինք դիմավորում ու սահմռկեցնող պատմություններ լսում։
Երկրաշարժը ավերեց Հայաստանի կեսը, տասնյակ հազարավոր մեր սիրելիները մնացին փլատակների տակ, մեր առաջնորդներին ձերբակալեցին ու տարան Մոսկվայի բանտերը։ Եթե ամիսը մեկ անգամ մի կցկտուր տեղեկություն էինք լսում նրանց մասին, աշխարհի երջանիկն էինք։
Սովետի ու երկրաշարժի փլատակների տակ մնացած, ռուսների հետ ուս ուսի՝ Ադրբեջանի գնդակոծությունների տակ զրոյից բանակ ստեղծեցին Հայաստանի առաջին իշխանությունները եւ անհավասար կռվում հաղթեցինք ու տարածքներ ազատագրեցինք։
Առանց լույսի, առանց հացի, ցրտից կապտած ապրում էինք, բայց ժպտում էինք, երգում էինք ու իրար սիրում էինք։
Էդ նվիրական ու հերոսական տարիները վարկաբեկողներն ու անտեսողներն անցնելու են գնան մժեղների նման, մեր այդ տարիների ՍԵՐՆ ու ԺՊԻՏՆ են դառնալու հետագա սերունդների հենարանը։
Սրտներդ լեն պահեք, հարազատներ ջան։
Խաղաղություն Հայաստանի ու Արցախի համար իրենց կյանքը զոհաբերած մեր սիրելիների հոգիներին։