Ով է վճարում ցեղասպանության համար. մահվան հաշվապահություն


Ով է վճարում ցեղասպանության համար. մահվան հաշվապահություն

  • 28-01-2020 12:19:17   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիայի կառավարության հիմնադրամների կառավարման վարչությունը Ստամբուլի Սանասարյան տան վարձակալության տենդեր է հայտարարել: Մինչ այդ շենքը պատկանում էր Պոլսի հայոց պատրիարքարանին, բայց Թուրքիայի կառավարությունը բռնագրավել է: Հիմա դրա պատկանելությունը վիճարկվում է Թուրքիայի Սահմանադրական դատարանում:
 
Սանասարյան տունը 1881 թվականին կառուցել է Էրզրումցի հայ վաճառական ու բարեգործ Մկրտիչ Սանասարյանը: Բռնագրավումից հետո շենքում տեղակայվել է Ստամբուլի ոստիկանությունը, իսկ հետո՝ տնտեսական դատարանը:
 
Թուրքիայի կառավարությունը հայ համայնքին կվերադարձնի՞ Սանասարյան տունը: Թուրքիայի գործող իշխանություններն ասում են, որ թույլ չեն տա Ստամբուլը Կոնստանդնուպոլիս դարձնել, իսկ հայ պատրիարքը համառորեն կրում է Պոլսի պատրիարք անվանումը:
 
Աշխարհը նշում է Հոլոքոսթի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների ցեղասպանության օրը: Պատերազմից հետո հրեաները, որոնք ազգային պետության ռազմավարությունը մշակել էին դեռ 1890-ական թվականներին, ստեղծեցին Իսրայել պետությունը եւ առ այսօր ռեպարացիաներ ու կենսաթոշակ են ստանում պետություններից, որոնց մեղադրում են Հոլոքոսթի իրագործման մեջ:
 
Օրերս Ռոտշիլդների ընտանիքը դատի է տվել Վիեննայի իշխանություններին 1938 թվականին նացիստների ազգայնացրած անշարժ գույքի օգտագործման համար, որը նախկինում պատկանել է Ռոտշիլդների ընտանիքին:
 
Տհաճ գործընթաց է սկսել նաեւ Լեհաստանի հետ կապված: Իսրայելը Լեհաստանին մեղադրում է Հոլոքոսթին աջակցելու մեջ: Եթե Լեհաստանը մեղավոր ճանաչվի, հավանաբար կհետեւեն հայցեր ու փոխհատուցումներ հրեաներին: Լեհաստանն օրերս հայտարարել է, որ ռազմատուգանքներ է պահանջում Գերմանիայից ու Ռուսաստանից, որոնց մեղավոր է համարում Երկրորդ համաշխարհային պատերազմի համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նացիստական Գերմանիայում Լեհաստանի դեսպանին անվանել է «հակասեմիտ խոզ»:
 
Պատերազմների ու ցեղասպանությունների հաշվապահությունը տհաճ գործ է, բայց առանց իրավական գործընթացների ու քաղաքական աջակցության դժվար է հաշիվ ներկայացնել Թուրքիային: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւերը կարող են ազդանշան լինել, որ ցեղասպանության զոհերի ժառանգները ձեւակերպեն իրենց պահանջները: Թուրքիայի կառավարությունն ստիպված է լինելու պատասխանել բազմաթիվ հարցերի, եւ Սանասարյան տունը ամենաանմեղ հարցերից մեկն է լինելու:
 
Օրերս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Իսրայելում առաջարկել է Իսրայելին աջակցել հայ ժողովրդին իր իրավունքների վերականգման գործում:
 
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play