Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվել է նաև Գյումրիում


Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը նշվել է նաև Գյումրիում

  • 28-01-2020 15:57:21   | Շիրակի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

 ՀԺ    Գյումրու կայազորում օրը տոնական էր վաղ առավոտից: Այսօրը զինվորների համար պատասխանատու էր առավել, քան նախորդ օրերն են եղել եւ հաջորդներն են լինելու: Օրհներգն այսօր հակատանկային-հրետանային գնդում բոլորի համար հնչեց առավել ազդեցիկ, գնդապետի ողջույնն ու զինվորների «ուռա»-ն՝ առավել խրոխտ: Գյումրիում Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձը տոնվեց:
 
«28 տարի առաջ, երբ հայերենով հնչեց «Զգաստ» հրամանը, պարզ դարձավ, որ պատմության մի նոր էջ է բացվում: Եվ իրականում, իրականացավ հայ ժողովրդի դարավոր իղձը՝ սեփական բանակ ունենալու երազանքը: Մեր բանակը ստեղծվել է դժվարին ժամանակներում. մի կողմից՝ Արցախյան պատերազմը, մյուս կողմում՝ 88-ի ավերն ու Անկախության ձգտումը: Այս պայմաններում հայ ժողովուրդը ե՛ւ վերականգնում էր տնտեսությունը, ե՛ւ անում ամեն ինչ, որ անառիկ պահի սահմանները հակառակորդի ոտնձգություններից: Եվ հզորացավ Հայոց բանակը ու իր առաջին քայլերը պսակեց երեւելի հաղթանակներով»,- ասաց ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռուբեն Գասպարյանը:
 
Մեր բանակի կազմավորման ակունքներում անուրանալի է շիրակցի մարտիկների ներդրումը։ Նրանցից շատերն այդպես էլ չտեսան իրենց իսկ ստեղծած բանակի փառավոր ներկան: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը խոսեց այս մասին: «Հավերժ փա՛ռք նրանց հիշատակին: Հայոց բանակը մեր հպարտությունն է, հայի անկոտրում կամքի վկան: Խաղաղություն մեր երկրին, Զինված ուժերին նոր ու փառավոր տարեգրություն»,- ասաց նա:
 
Գյումրու քաղաքապետն իր խոսքում առանձնակի ողջունեց եւ շնորհակալություն հայտնեց սահմանին կանգնած մեր զինվորներին, ապա բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ունեցել մեր երկրի սահմանների պաշտպանության, բանակի ստեղծման և կայացման գործում:
 
Հայոց բանակի 28-րդ տարեդարձի առիթով պատվոգրերի և շնորհակալագրերի արժանացան իրենց ծառայությամբ աչքի ընկած սպաներն ու զինվորները: Տոնը եզրափակվեց շարային հանդիսավոր քայլերթով:
 
Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, երկրապահ կամավորներն այնուհետ այցելեցին «Շիրակ» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան հերոսամարտի եւ ապրիլյան պատերազմի նահատակների հիշատակին:
 
Արմենուհի Մինասյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը