Նիկոլ Փաշինյանը գտե՞լ է լուծումը. ՍԴ խնդրի ավարտը


Նիկոլ Փաշինյանը գտե՞լ է լուծումը. ՍԴ խնդրի ավարտը

  • 28-01-2020 17:59:02   | Հայաստան  |  Վերլուծություն

Կհանգուցալուծվի շուտով, շուտով կհանգուցալուծվի, Եռաբլուրում արձագանքելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին հարցին, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը նոր բռնկում ունեցավ օրերս, ծավալվելով աղմկոտ սցենարով: Հատկանշական է, որ այդ բռնկումը հաջորդեց Վենետիկի հանձնաժողովի հետ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի տեսակապին, որին հաջորդել էր մեկ այլ իրադարձություն: ՍԴ ութ դատավորները՝ բացառությամբ չաշխատող Վահե Գրիգորյանի, միաձայն ընտրեցին ՍԴ փոխնախագահ՝ համաձայն նոր Սահմանադրության: Սահմանադրական դատարանը մի քանի ամիս է չէր ընտրում Սահմանադրությամբ նախատեսված այդ պաշտոնյային, եւ ընտրությունը տեղի ունեցավ Վենետիկի հանձնաժողովի հետ տեսակապից հետո:
 
 
 
Այդ ընտրությունը չարժանացավ հանրային մեծ ուշադրության, քանի որ եղավ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի առեղծվածայյին մահվան մասին տեղեկատվությունը, նա իր բնակարանում հայտնաբերվեց մահացած: Այդ ողբերգությունը հասկանալիորեն կլանեց հանրային ամբողջ ուշադրությունը, դրանից զգալիորեն դուրս թողնելով ՍԴ փոխնախագահի ընտրությունը, որին անդրադարձել եմ Իրադարձություն, որ մնաց ողբերգական մահվան ստվերում հրապարակման մեջ:
 
Հունվարի 25-ի աղմկոտ ասուլիսում, որը հանրության ուշադրության մեջ մնաց գրչի հայտնի պատմությամբ, ու նաեւ դրան հաջորդած ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրական դատարանի դատավորներին առնչվող հետաքրքիր ակնարկներ արեց: Նա խոսում էր այն մասին, որ չարժե, որպեսզի դատավորները ներքաշվեն «հիբրիդային հեղաշրջման» փորձերին:
 
Նկատելի էր դատավորներին ու Հրայր Թովմասյանին տարանջատելու որոշակի ուրվագիծ: Այն իշխանության պատկերացումների դրսեւորում էր, թե պահի տակ եղած իրողություն, առայժմ բարդ է ասել, սակայն Ալվինա Գյուլումյանի՝ ՍԴ փոխնախագահ ընտրվելու հանգամանքի առնչությամբ հոդվածում դիտարկել եմ, թե արդյոք հնարավոր է դա քայլ է Հրայր Թովմասյանի հեռանալու շուրջ որոշակի փոխզիջման ուղղությամբ, երբ դատարանի մնացյալ կազմը՝ որ ձեւավորվել է նախկին Սահմանադրությամբ, նախկին իշխող համակարգի պայմաններում, կշարունակի պաշտոնավարել:
 
Բայց հարցը մնում է, թե ինչպես է հեռանալու Հրայր Թովմասյանը: Կարո՞ղ են դատավորները գալ փոխզիջման՝ նրան հեռացնելու որոշման կապակցությամբ, հենց այն պայմանով, որ այդպիսով ՍԴ խնդիրը կհամարվի սկզբունքորեն հանգուցալուծված:
 
Ի դեպ, այդ տեսանկյունից էլ հատկանշական է այդ խնդիրը բարձրացնող դատավոր Վահե Գրիգորյանի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի պատասխանը, թե առաջին անգամ է լսում այն մասին, որ նա չի աշխատում եւ բոյկոտում է ՍԴ-ն: Արդյոք վարչապետը դրանով ակնարկում էր, որ իրեն չի հետաքրքրել, թե ինչով է ՍԴ-ում զբաղված իր գլխավորած մեծամասնության քվեարկությամբ ՍԴ դատավոր դարձած նախկին խորհրդական Գրիգորյանը:
 
Բանն այն է, որ Վահե Գրիգորյանը ՍԴ խնդիրը բարձրաձայնում էր այլ համատեքստով, չճանաչելով ոչ միայն Հրայր Թովմասյանին, այլ նաեւ մյուս 7 դատավորներին, նրանց համարելով անդամ, ոչ դատավոր: Վենետիկի հանձնաժողովը սակայն ամիսներ առաջ հորդորեց իշխանությանը դադարեցնել անդամ-դատավոր բառախաղը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am  

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play