ՀՔԱՎ։ Հայկական բանակը 28 տարեկան է․ ինչ խնդիրներ ենք արձանագրել տարբեր տարիների մեր մշտադիտարկման արդյունքում


ՀՔԱՎ։ Հայկական բանակը 28 տարեկան է․ ինչ խնդիրներ ենք արձանագրել տարբեր տարիների մեր մշտադիտարկման արդյունքում

  • 28-01-2020 18:28:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր տոնում ենք ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակը։  
 
 
28 տարի առաջ հայոց բանակը հիմնադրվեց որպես ինքնիշխան պետության, նրա քաղաքացիների անվտանգության ու պաշտպանության, տարածքային ամբողջականության ապահովման երաշխավոր: 
 
 
Մենք էլ ենք միանում շնորհավորանքներին և զինծառայողներին մաղթում անվտանգ, խաղաղ ու արժանապատիվ ծառայություն։ 
 
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը զինված ուժերում մարդու իրավունքները մշտադիտարկում է 2008 թ.-ից, և այս տարիներին արձանագրել ենք մի շարք խնդիրներ. դրանց մի մասը լուծում է ստացել, բայց մի զգալի ու կարևոր մասը շարունակում է մնալ խնդրահարույց։
 
Փորձել ենք ամփոփել բոլոր տարիների, հատկապես՝ զորակոչի կազմակերպման վերաբերյալ, մեր արձանագրած խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ մեր կողմից ներկայացված առաջարկությունները և հասկանալ, թե որ առաջարկներն են, որ տարիներ շարունակ ներկայացվել են մեր զեկույցներում, բայց այդպես էլ լուծում չեն ստացել և որոնք են արդեն ոչ արդիական։
 
Ի սկզբանե արձանագրել ենք զորակոչի և զինծառայության նկատմամբ քաղաքացիական, հասարակական վերահսկողության մեխանիզմների բացակայություն, զորակոչի գործընթացում բժշկական հետազոտությունների անցկացման, երկքաղաքացիություն ունեցող անձանց զորակոչելուն առնչվող խնդիրներ․ խտրականություն՝ տարկետում տրամադրելու գործընթացում։
 
Ուշագրավ է, որ դեռևս 12 տարի առաջ արձանագրված որոշ խնդիրներ այսօր էլ արդիական են։
 
Եթե համեմատենք տարբեր տարիներին ներկայացրած առաջարկների ցանկերը, կարող ենք արձանագրել, որ դրանց մեծ մասը ներկայացվում է արդեն մի քանի տարի, սակայն առայժմ ընդունված չեն:
 
Ստորև ներկայացնում ենք այն առաջարկները, որոնք ներկայացվել են նախորդ տարիներին՝ սկսած 2008-ից, և մասամբ կամ լիովին իրականացվում են (որոշ առաջարկներ էլ, տարբեր հանգամանքներով պայմանավորված, կորցրել են արդիականությունը)․
 
զորակոչի գործընթացում քաղաքացիների իրավունքների և պարտականությունների իրազեկման մասով կարող ենք արձանագրել, որ իրազեկումն իրականացվում է միայն պարտականությունների մասով
օրենսդրորեն հստակեցվել է բժշկական փաստաթղթերի եւ պիտանիության մասին եզրակացությունների օրինակները զորակոչիկին տրամադրելու պարտադիր պայմանը և պրակտիկայում հիմնականում իրականացվում է
«Այլընտրանաքային ծառայության մասին» ՀՀ օրենքը այլընտրանքային ծառայության վերաբերյալ մարդու իրավունքների չափանիշներին համապատասխանեցնելու մասով շարունակում է խնդրահարույց մնալ դրա՝ սովորական զինծառայությունից երկար տևելու և զինծառայության ընթացքում այլընտրանքայինի փոխելու հնարավորության բացակայության մասով
ոչ շարային եւ սահմանափակումներով ծառայությանը պիտանի ճանաչված զինծառայողների՝ շարային ծառայությանը ներգրավումը բացառող, կանխարգելող անկախ վերահսկողական մեխանիզմը հիմնականում գործում է՝ որոշ բացառություններով
առողջական խնդիրների հիմքով զինվորական ծառայությանը զորակոչիկների պիտանիության կարգը օրենքով սահմանելու վերաբերյալ տարիներ շարունակ մեր կողմից ներկայացվող առաջարկի վերաբերյալ կարող ենք արձանագրել, որ պաշտպանության նախարարի հրամանի փոխարեն այն արդեն սահմանվում է Կառավարության որոշմամբ
զորակոչիկների եւ զինծառայողների պարտադիր համալիր բժշկական զննությունը` անկախ գանգատների առկայությունից  իրականացնելու մասով կարող ենք արձանագրել, որ սահմանված է հստակ ցանկ և չնայած բացառություններ լինում են, բայց հիմնականում առաջնորդվում են ցանկով
2015 թ․ ձմեռային և 2016 թ․ ամառային զորակոչերի ընթացքում արձանագրված խնդիրների հիման վրա առաջարկել էինք վերացնել բժշկական հաստատությունների կողմից զորակոչիկներից՝ զորակոչիկ լինելու մասին տեղեկանք պահանջելը։ Այսօր արդեն կան հաստատություններ, որոնք նման տեղեկանքներ չեն պահանջում:
Չնայած բարեփոխումներ տեղի են ունեցել, բայց մի շարք կարևոր առաջարկներ, սկսած 2008-ից, դեռևս արդիական են մնում։ Դրանք ներկայացրել ենք «2018 թ. ձմեռային եւ 2019 թ. ամառային զորակոչերի ընթացքում զորակոչիկների իրավունքների վիճակի մասին» մեր զեկույցում։
 
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն