ՀՀ անցակետերը կորոնավիրուսի հետ կապված մասնագետների ուշադրության տակ են.ԱՆ

28-01-2020 18:42:19   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սահմանային կետերում բարձր զգոնությամբ հետեւում է երկիր մուտք գործող բոլոր անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությանը: Ինչպես տեղեկացրեց տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Լիանա Եղիազարյանը, սահմանային կետերում որևէ կասկածելի դեպք չի եղել:
 


«Որևէ կասկածելի դեպք չի եղել, մասնագետները շարունակում են սահմանին բարձր զգոնությամբ հետևել գործընթացին: Մի շարք գերատեսչությունների՝ Առողջապահության, Արտաքին գործերի նախարարությունների, ՍԱՏՄ-ի հետ համատեղ քայլեր են ձեռնարկվում իրազեկման, սահմանին հսկողության, ինֆորմացիայի փոխանակման առումով», ասաց Լիանա Եղիազարյանը:
 
Նրա փոխանցմամբ՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հսկիչ կետերի ղեկավարների հետ քննարկել է իրականացվող աշխատանքների ընթացքը եւ հարկ եղած դեպքում ուժեղացված ռեժիմի անցնելու անհրաժեշտ քայլերը:
 
Չինաստանում ի հայտ եկած նոր վիրուսի՝ կորոնավիրուսի հնարավոր
ներթափանցումը բացառելու նպատակով դիտարկվում են բոլոր այն տրանզիտ ուղիները, որոնցով հնարավոր է այդ երկրից ուղեւորահոսք դեպի Հայաստան։ Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային եւ ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում եւ արտաքին զննում: Բարձր ջերմության առկայության դեպքում սահմանը հատող անձը ԱԱՏՄ կողմից նաեւ արտաքին զննման է ենթարկվում։ Եթե ջերմությունից բացի, առկա են նաեւ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական այլ ախտանշաններ, ուղեւորը մեկուսացվում է՝ անձնակազմի եւ մյուս ուղեւորների հետ շփումը սահմանափակելու նպատակով։ Վերցվում եւ արձանագրվում են նրա տվյալները՝ դրանք փոխանցելու տվյալ անձի գրանցման վայրի պոլիկլինիկա՝ հետագա վարումն իրականացնելու նպատակով։
 
ՀՀ զբոսաշրջության կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված ամբողջ աշխարհում առկա է վարակի տարածման մեծ
ռիսկ: Ելնելով համաճարակային իրավիճակից՝ ցանկալի է առաջիկա երկու ամսում ձեռնպահ մնալ Չինաստանից Հայաստան զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:
 
ՀՀ ԱԳՆ-ն ևս հայտարարություն էր տարածել, ըստ որի ելնելով կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից՝ հորդորում են ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 279 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար