Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորվել է․ ոստիկանություն (տեսանյութ)


Կեղծ թղթադրամներով գնումներ արած երիտասարդը կալանավորվել է․ ոստիկանություն (տեսանյութ)

  • 29-01-2020 18:58:45   | Հայաստան  |  Իրավունք



Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու պարեկայինները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Վանաձորի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ մթերային խանութներից մեկում, ինչպես և դեղատանը գնումներ է արել՝ վճարելով 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներով։
 
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հետագա միջոցառումներով նոր տեղեկություններ են ձեռք բերվել, որ երիտասարդը մի անգամ էլ մեկ այլ խանութում փորձել է գնումների դիմաց կեղծ թղթադրամով վճարել։
 
Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկել են երիտասարդի բնակության հասցեն՝ հայտնաբերելով 20 հազար դրամ անվանական արժեքով 12 հատ կեղծ թղթադրամ։
 
 
28-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին, ներկայացվել տարածքային քննչական բաժին ու ձերբակալվել, ապա կալանավորվել՝ տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։
 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվել են։ Արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որ 28-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամները ձեռք է բերել Վանաձորի բնակիչ մի պատանուց։
 
Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են նաև անչափահասի բնակարանը՝ հայտնաբերելով 20 և 10 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, համակարգիչ ու գունավոր տպիչ, որոնք առգրավվել են հետագա գործողությունների համար։
 
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։
Նոյյան տապան  -   Իրավունք