Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը դրվել է հայ ընթերցողի սեղանին


Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը դրվել է հայ ընթերցողի սեղանին

  • 10-02-2020 12:12:35   | Հայաստան  |  Նոր գրքեր

Աշխարհում ամենաշատ վաճառված գրքերից մեկը՝ Նայք» ընկերության հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը դրվել է հայ ընթերցողի սեղանին: Ոգեշնչող այս ստեղծագործությունը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, թարգմանիչն է Ռոզա Գրիգորյանը:
 
«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ այդ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է: Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար: Իսկ այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարար մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:
 
«Սա պարզապես «Նայք» ընկերության ստեղծման պատմությունը չէ: Այս գիրքը ոչ միայն ներկայացնում է այս բրենդի հաջողության պատմությունը, այլև այն ստեղծողի յուրահատուկ խոստովանությունն է: Գրքում Ֆիլ Նայթը յուրատեսակ բացահայտումներ է անում իր անցած ուղու վերաբերյալ, անկեղծ խորհուրդներ է տալիս ու բազում ոգեշնչող մտքեր արտահայտում: Եվ հետաքրքրական է, որ Ֆիլ Նայթը շատ փակ մարդ է եղել, հազվադեպ է հարցազրույցներ տվել.այս առումով «Կոշկավաճառը» նոր բացահայտումների յուրատեսակ աղբյուր է»,-գրքի մասին նշում է թարգմանիչ Ռոզա Գրիգորյանը:
 
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ամերիկացի բիզնես մագնատ, ներդրող Ուորեն Բաֆետն այսպես է արտահայտվել գրքի մասին. «Նախորդ տարվա կարդացածս ամենալավ գիրքը Ֆիլ Նայթի «Կոշկավաճառ»-ն է: Ֆիլը շատ իմաստուն, խելացի և մրցունակ անձնավորություն է. նա պատմելու շնորհ ունի»:
 
«…«Կոշկավաճառ»-ը 2016 թվականի իմ ամենասիրելի հինգ գրքերից մեկն է: Զարմանալի պատմություն, ազնիվ հիշեցում այն մասին, թե ինչպիսին է իրականում հաջողության ուղին բիզնեսում: Այն խառնաշփոթ, վտանգավոր և քաոսային ճանապարհորդություն է, որը զուգորդվում է սխալներով, անվերջ պայքարով և զոհողություններով: Ֆիլ Նայթը սակավ գործադիր տնօրեններին բնորոշ բացառիկ բացահայտումներ է անում»,-ասել է ամերիկացի բիզնես մագնատ, ծրագրավորող, բարերար, Մայքրոսոֆթի նախկին գործադիր տնօրեն է ներկայիս նախագահ Բիլ Գեյթսը: Հավելենք, որ գրքի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 15:00 «Դալմա Գարդեն մոլի» «Նայք» ընկերության խանութ-սրահում: 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր