Իշխանության երրորդ ճյուղը կազատենք նախկին իշխանության ճիրաններից. Ալեն Սիմոնյան


Իշխանության երրորդ ճյուղը կազատենք նախկին իշխանության ճիրաններից. Ալեն Սիմոնյան

  • 14-02-2020 12:55:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ ՀՀԿ հայտարարությանը, որ չեն մասնակցելու սահմանադրական հանրաքվեի գործընթացներին:
 
«Կարծում եմ՝ քաղաքական օրակարգում իրենց խոսքն այնքան էլ կշիռ չունի, և կարող եմ ասել, որ այդ հայտարարությունը գնահատում եմ ևս մեկ առիթ ու պատճառ՝ շատ ակտիվ մասնակցել հանրաքվեին, գնալ ու ասել «այո»: Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձել են ու փորձելու են քողարկված ձևով, ինչպես նաև բացիեբաց սաբոտոժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը, այսինքն՝ անել ամեն ինչ, որպեսզի խոչընդոտվի այդ բարեփոխումը, որն իր մեջ ներառում է շատ շերտեր ու խնդիրներ»,- ասաց նա:
 
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Սահմանադրական դատարանը քաղաքականացված է, Հրայր Թովմասյանը, որը նախագահում է այսօր, ընտրված է անօրինական ձևով և փաստացի ներկայացնում է քաղաքական մի ուժ, քաղաքական թև, զբաղվում է քաղաքականությամբ: Եվ այդ հանրաքվեի մեկ տողի մեջ կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կլուծվեն, դա դատական համակարգի ընդհանուր բարելավումն է: «Դուք բոլորդ լավ գիտեք, որ խոսում են՝ հեսա վեց ամիս հետո հետ ենք գալիս, չորս ամիս հետո հետ ենք գալիս, հեսա բոլոր հարցերը լուծելու ենք, այդ բաստիոններից մեկը, որը մնացել է, Հրայր Թովմասյանն է իր դատական իշխանությունով: Ուստի, գալով հանրաքվեի, քվեարկելով «այո», մենք արդեն իշխանության երրորդ ճյուղը կազատենք նախկին իշխանության ճիրաններից»,- ընդգծեց նա:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը