Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը

14-02-2020 13:41:48   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ի առավոտյան այցելել է Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատ, որտեղ աշխատանքային նախաճաշի շրջանակում հանդիպում է ունեցել Գերմանիայի տնտեսության և էներգետիկայի դաշնային պետքարտուղար Թոմաս Բարայսի, Գերմանիայի առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, արտաքին տնտեսական հարցերով խորհրդի նախագահ Ֆոլքեր Թրայերի և պալատի ներկայացուցիչների հետ: 
 
Թոմաս Բարայսը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման համար և նշել, որ գերմանական կողմը
շահագրգռված է Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմամբ ու ընդլայնմամբ: Նա վստահություն է հայտնել, որ վարչապետի այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ բիզնես կապերի ընդլայնման, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ նոր ծրագրերի իրականացման համար: 
 
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող զարգացումներին և բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերին: Վարչապետը մանրամասն խոսել է արդյունաբերության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում իրականացվող ծրագրերի և ՀՀ կառավարության առաջնահերթությունների մասին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Գերմանիայի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ ու գերմանական բիզնեսի ու կապիտալի` հայկական շուկայում ներգրավվածության ընդլայնմամբ: 
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ հնարավոր քայլերն ու ծրագրերը, որոնք նոր ազդակ կհաղորդեն հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարևորել են նաև բիզնես ֆորումների անցկացումն ու գործարարների միջև կապերի ու համագործակցության խորացումը։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 325 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար