Ո՞ւմ ձեռքով և ի՞նչ կերպով է իմ անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իմ անունը մրոտելու առիթ. Պապիկյանը դիմեց ԱԱԾ-ին և ոստիկանությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ո՞ւմ ձեռքով և ի՞նչ կերպով է իմ անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իմ անունը մրոտելու առիթ. Պապիկյանը դիմեց ԱԱԾ-ին և ոստիկանությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-02-2020 14:50:19   | Հայաստան  |  Քաղաքական

Դիմում եմ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության պետերին և խնդրում պարզել, թե ո՞ւմ ձեռքով և ի՞նչ կերպով է իմ անձնական կյանքի գաղտնի ինֆորմացիան դարձել իմ անունը մրոտելու առիթ: 
 
Այս մասին փետրվարի 14-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայատարարեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով երեկ «Հրապարակ» օրաթերթում տեղ գտած՝ «Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը» վերտառությամբ հոդվածին: 
 
Ըստ նրա՝ լրատվամիջոցի ներկայացրած տեղեկատվությունն ունի մեկ տասնյակից ավելի վաղեմություն, որը փորփրելով՝ նախկին և ներկա մտահոգ քաղաքական գործիչներ, խմբեր, թիմեր, «վայ լրատվականներ» փորձում են ամեն կերպ սևացնել իր բարի համբավը և այն աշխատանքը, որն ինքն արել է վերջին մեկ ու կես տարվա ընթացքում: 
 
Նախարարի համոզմամբ՝ իր անձի թիրախավորումը պայմանավորված է «Այո»-ի շտաբը գլխավորելու հանգամանքով, սակայն իրենք հաստատակամ են և իրենց խանգարել չի հաջողվի: 
 
«Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ օրենսդրությամբ որևէ դատվածություն, եթե մարված է, տվյալ անձը դատված չի համարվում: Ես ծառայել եմ, ինչպես հասկացաք ոչ հայկական բանակում, այդպես է ստացվել բախտի, ճակատագրի բերումով, ամեն դեպքում ծառայության ընթացքում ինչպես և հաճախ լինում է, երբ կան տարբեր ազգերի ներկայացուցիչներ, լինում են նաև որոշ խնդիրներ: Եղել է մի դեպք, միջադեպ, երբ իմ ազգային, գոնե այն ժամանակվա ընկալմամբ, արժանապատվությանը վնաս է հասցվել, և իմ մասնակցությունն այդ միջադեպին ոչ կանոնադրային հարբերությունների մասնակցություն է: Ես նաև որևէ մեղք չեմ ընդունել, համաներմամբ ազատ եմ արձակվել»,- պարզաբանեց Ս. Պապիկյանը:
 
Վերջինիս խոսքերով՝ հոդվածում տեղ գտած այն նկարագրությունները, թե ինքը դանակով հարվածել է հրամանատարին, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ ծառայության ընթացքում աչքի է ընկել իբրև լավ զինվոր, եղել է սահմանապահ զորքերի այսպես ասած՝ գերազանցիկ զինվոր: 
 
Նախարարը միաժամանակ նշեց, որ իր կյանքի այս դրվագը գաղտնի չի պահվել, այդ մասին գիտեն իր ընկերները, նաև հայրենի Ստեփանավանում. «Այն, ինչ տեղի է ունեցել, իհարկե, ինձ համար ցանկալի բան չէ, եթե այս գիտակցությամբ տեղի ունենար այդ ամենը, բնականաբար, այլ մեթոդներ կան խնդիրը կարգավորելու համար: Սա այն դրվագներից է, որի համար ես ափսոսում եմ, բայց նաև սա փակված եմ համարում ինձ և իմ շրջապատի համար»: 
 
Ս. Պապիկյանը, սակայն, նկատեց, որ իր կյանքին առնչվող նշյալ ինֆորմացան կարող  է հասու լինել միայն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին, և ինչ-որ մեկին այդ ինֆորմացիան տրամադրելիս՝ պետք է ստանան տվյալ անձի թույլտվությունը: 
 
«Ես այստեղ ուզում եմ արձանագրել, որ իրավապահ շրջանակների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ ինչ-որ փուլում փոխանակ զբաղված լինեին ՀՀ-ն թալանող, հայ ժողովրդին տարիներ շարունակ անարգողների հանցագործությունները բացահայտելով, զբաղված են եղել ՀՀ պետական պաշտոնյայի՝ իրենց գործընկերների նկատմամբ կոմպրոմատների փաթեթներ ձևավորելով: Սա անընդունելի է, և տվյալ անձինք այսօր խոսում են պատվից»,- փաստեց նախարարը: 
 

 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական