ԱՃԹՆ միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները
14-02-2020 15:08:15 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը փետրվարի 10-12-ը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության խորհրդի կողմից հրավիրված աշխատաժողովին։
Փոխնախարար Լիլիա Շուշանյանը մասնակցել է ԱՃԹՆ իրականացնող երկրների կլոր-սեղան քննարկումներին, որտեղ օրակարգային հարցերից են եղել ԱՃԹՆ վալիդացիայի ընթացակարգի հնարավոր փոփոխությունները, հանքարդյունաբերության ոլորտում էներգետիկ փոխակերպման և կոռուպցիայի կանխարգելման թեմաները։
Փոխնախարար Շուշանյանն աշխատաժողովի ընթացքում հանդես է եկել զեկույցներով՝ նվիրված «Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրում․ տեխնիկական խնդիրները և դրանք հաղթահարելու ուղիները» , «ԱՃԹՆ ազդեցությունն անդամ երկրներում» թեմաներին: Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում իրավական ակտերի մշակման ընթացքում վերհանված բացերին և հետագայում լրամշակման ենթակա իրավակարգավորումներին՝ միևնույն ժամանակ անդամ երկրներին առաջարկելով իրենց օրենսդրական նախաձեռնություններում ի սկզբանե հաշվի առնել նաև հայաստանյան գործնական օրինակը:
Փոխնախարարի կողմից միջազգային քարտուղարությանն առաջարկվել է նաև հնարավորության դեպքում համագործակցություն հաստատել Արժեթղթերի հանձնաժողովների միջազգային կազմակերպության հետ՝ թափանցիկության առավել խիստ պահանջներ ունեցող կարգավորվող շուկաների առանձնացման նպատակով: Սա թույլ կտա քննարկել սեփականատերերի հայտարարագիր չներկայացնելու բացառության կանոնի կիրառելիությունը ոչ թե բոլոր կարգավորվող շուկաներում, այլ միայն տվյալ բորսաներում բաժնետոմսեր ցուցակած ընկերությունների համար:
Այցի ընթացքում Լ․Շուշանյանը Հայաստանի առաջին վալիդացիայի թեմայով հանդիպում է ունեցել ԱՃԹՆ միջազգային քարտուղարության հետ: Ընդհանուր առմամբ, միջազգային քարտուղարությունը բարձր է գնահատել վերջին երեք տարվա ընթացքում ոլորտում թափանցիկության մակարդակի բարձրացմանն ուղղված Հայաստանի կատարած բարեփոխումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի առաջին վալիդացիայի հաշվետվության նախագիծն առաջիկա ամսվա ընթացքում տրամադրել Հայաստանին՝ մեկնաբանություններ ներկայացնելու համար, որից հետո այն կներկայացվի ԱՃԹՆ խորհրդին՝ վերջինիս կողմից որոշում կայացնելու նպատակով:
Գերմանիայի ԱՃԹՆ քարտուղարության նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել նաև Գերմանիայում «Թրանսփարենսի Ինթրնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ Էդդա Մյուլլերի հետ: Վերջինիս հետ փոխնախարարը քննարկել է կայուն զարգացման ուղղվածության մի շարք հարցեր, որոնք առաջնային հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար: Առաջարկվել է համագործակցություն հաստատել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ՝ տվյալ ուղղություններով աշխատանքներ տանելու նպատակով:
Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Շուշանյանն առանձնազրույց է ունեցել նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիսթըֆր Շելդոմի հետ՝ քննարկելով 2019 թվականի տարեվերջին մեկնարկած EGPS 2 դրամաշնորհային ծրագրի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջինիս կողմից գարնանը Հայաստան այցելելու, իսկ մինչ այդ՝ նաև աջակցության վերաբերյալ պաշտոնական պատասխան տրամադրելու շուրջ: