Արցախը որպես ՀՀ մաս դիտելն է երաշխավորում մեր անվտանգությունը


Արցախը որպես ՀՀ մաս դիտելն է երաշխավորում մեր անվտանգությունը

  • 14-02-2020 15:13:56   | Հայաստան  |  Քաղաքական

 
 
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած իր աշխատանքային այցի ընթացում Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամում տեղի ունեցած քննարկման ժամանակ կրկնել է նախորդ ապազգային ռեժիմների օրոք որդեգրված տեսակետները։
 
Մասնավորապես՝ պարոն Փաշինյանը, իր պատասխանները բխեցնելով Արցախի կեղծ անկախության և սուբյեկտացման մոտեցումից, Արցախի ազատագրված տարածքները ներկայացրել է որպես ընդամենը անվտանգության գոտի, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ որպես իբրև թե անկախ Արցախի անվտանգության երաշխավոր։
 
Այս մեկնակետից ներկայացնելով իր պատկերացումները, նա գլխիվայր շուռ է տալիս և մեր ազգային շահերին հակառակ դիրքից է ներկայացնում Արցախի հարցի լուծման համատեքստն ու տրամաբանությունը՝ տարանջատելով Արցախը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունից։
Նա ևս իր նախորդների նման հավատարիմ է մնում Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքով և ստալինյան սահմանադրությամբ ձևավորված տարածաշրջանային ճարտարապետությանը և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը համարում է Հայկական ԽՍՀ-ի, այլ ոչ թե 1-ին Հանրապետության իրավահաջորդ, որի մաս են կազմել նաև Արցախն ու Նախիջևանը։ Միևնույն ժամանակ՝ նա անտեսում է նաև Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որը Հայաստանի անկախության մասին 1990 թ. օգոստոսի 23-ի հռչակագրի հիմքերից մեկն է։
 
Արցախը հայության ամենազգայուն և խոցելի հարցն է, ուստի դրա համատեքստում առավելագույնս նկատելի է դառնում, որ պարոն Փաշինյանի իշխանության կողմից ազգային հեղափոխության փոխարեն նախորդների իրավահաջորդությունն ընտրելը փակուղային է և խիստ վտանգավոր, ինչը հեռանկարում հանգեցնելու է ազգային աղետի։
Այդ պատճատով դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության իրավահաջորդային քաղաքականությունը, առաջին հերթին՝ Արցախի հարցում։
 
Փաստում ենք, որ հայոց պետականությունը չի կարող գոյատևել Լենին-Աթաթուրք զավթիչ դաշինքի և ստալինյան սահմանադրության ձևավորած տարածաշրջանային ճարտարապետության մեջ, այն էլ՝ ներկայիս երկատված վիճակում։ Նաև այն պատճառով, որ նման վիճակը հղի է անհավասար պատերազմի և ազգային աղետի սպառնալիքով։
Հայոց պետականության և միացյալ ազգային անվտանգության երաշխավորման միակ ուղին Հայաստանի 1-ին Հանրապետության իրավահաջորդության որդեգրումն է։
 
Դա մեզ հնարավորություն կտա, մասնավորապես, ապացուցված համարելու, որ Արցախյան ազատագրական պատերազմի շնորհիվ տեղի ունեցած մասնակի դեօկուպացիայի միջոցով մասամբ վերականգնվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և Արցախը ՀՀ անբաժանելի մաս է։ Այդպես մենք նաև միջազգային-իրավական շրջանառության մեջ կդնենք ներկայիս Ադրբեջանի տարածքի և սահմանների անորոշության հարցը։
 
 Միայն այս երկու հանգամանքները բավարար կլինեն, որպեսզի միջազգային ասպարեզում ի շահ Հայաստանի և հայության արմատապես փոփոխվի Հայաստանի Հանրապետության (Արցախը ներառյալ) և Ադրբեջանի Հանրապետության միջև առկա հակամարտության համատեքստն ու տրամաբանությունը, ինչն էլ կդառնա մեր ազգային անվտանգության ապահովման հիմնարար երաշխիք։
 
Սասնա Ծռեր համահայկական կուսակցության քարտուղարություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play