Էմմա Բեգիջանյան.Նախագահի դերն ԻԻՀ արտաքին քաղաքականությունում

14-02-2020 15:59:14   | Հայաստան  |  Վերլուծություն
Իրանի  Իսլամական հեղափոխության հաղթանակից ու այդ երկրում կառավարման իսլամական համակարգ հաստատվելուց հետո հիմնովին փոփոխության ենթարկվեց նաև արտաքին քաղաքականությունը։ Այս ոլորտում 1-2 տարվա ընթացքում ձևավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք առ այսօր Իրանի արտաքին քաղաքականության հիմնասյուներն են և ուղղակիորեն ու անուղղակիորեն իրենց արտացոլումն են գտել երկրի Սահմանադրության մեջ։ Դրանք են ո՛չ արևելյան, ո՛չ արևմտյան, հակաիմպերիալիստականության, հակաիսրայելականության և հեղափոխության «արտահանման» սկզբունքները։ Սահմանադրության համաձայն՝  ներքին ու արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները որոշում է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք, հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։  Այլ կերպ ասած՝ թվում է, թե երկրի նախագահն այս դեպքում չի կարող լուրջ դեր ունենալ արտաքին քաղաքականության հայեցակարգում, և դրանում զգալի շեղումներ ու փոփոխություններ  չեն լինի՝ անկախ նրանից, թե ով է գործադիրի ղեկին, սակայն իրականում նշյալ սկզբունքների կիրառման դրսևորումներն ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունում մեծավ մասամբ պայմանավորված են նաև գործադիր իշխանության ղեկավարի քաղաքական հայացքներով ու դիրքորոշումներով: Հանգամանք, ինչի պատճառով երկրի արտաքին քաղաքականությունը երբեմն կտրուկ ու շրջադարձային փոփոխությունների է ենթարկվում։ Դա է վկայում Իրան-իրաքյան պատերազմից հետո 4 նախագահների վարած արտաքին քաղաքականության համեմատությունը:
 


Նշենք, որ ԻԻՀ-ի պատմության առաջին տասնամյակի ընթացքում արտաքին քաղաքականության ոլորտում ակնհայտ էր իդեալիստական հակվածությունն ու հեղափոխականությունը։ Թվում էր, թե գերխնդիրը երկրի արտաքին քաղաքականության մեջ վերոհիշյալ 3 սկզբունքներին  առավելապես հավատարիմ մնալն է՝ առաջնային  համարելով նաև մահմեդականներին աջակցությունը, ինչն ամրագրված է Սահմանադրության մեջ: 
 
Իրան-իրաքյան պատերազմի ավարտից հետո Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ընտրվեց երկրի նախագահ (1989-97թթ.) և որդեգրեց ներքին ու արտաքին այնպիսի քաղաքականություն, որի շնորհիվ հայտնի դարձավ որպես երկրի գործադիր իշխանության պրագմատիկ ղեկավար՝ կառավարության կազմում ընդգրկելով արհեստավարժների ու տեխնոկրատների: Սա այն դեպքում, երբ նա խորհրդարանի խոսնակն էր։ 1982թ․ Իրան-իրաքյան պատերազմի ամենաթեժ պահին, երբ Իրանն իր սահմանները պաշտպանելու համար զենքի խնդիր ուներ, պաղեստինցիներին խոստանում էր աջակցել  նյութականապես և կենդանի ուժով: 
 
Ռաֆսանջանիի վարած արտաքին քաղաքականությունը, ինչպես նշել է Հորդանանում Իրանի նախկին դեսպան Նոսրաթոլա Թաջիկը, ուղղված էր տարածաշրջանում լարվածության թուլացմանը, արաբական, մասնավորապես, Պարսից Ծոցի երկրների հետ փոխհարաբերությունների բնականոնացմանը ։ Այս հարցում Ռաֆսանջանիի կառավարությունը լուրջ հաջողություններ արձանագրեց։ Նման քաղաքականության դրական դրսևորումներից են 1990թ․ Պարսից Ծոցի երկրորդ պատերազմի, այնուհետև Արցախ-Ադրբեջան բախումների վերաբերյալ Իրանի հավասարակշիռ դիրքորոշումները, այլապես զարգացումները,  բացառված չէ, որ անկանխատեսելի ընթացք ունենային։ Ռաֆսանջանին Արևմուտքի հետ փոխհարաբերությունների բնականոնացման ուղղությամբ ևս քայլեր կատարեց: ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ Ավագը երկու երկրների փոխհարաբերությունները բարելավելու ցանկություն հայտնեց, ինչը ողջունեց Ռաֆսանջանիի կառավարությունը։ Ավելին, Իրանի աջակցությամբ Լիբանանում ամերիկացի պատանդներն ազատ արձակվեցին, սակայն ԱՄՆ-ը դրան ի պատասխան խոստումը չկատարեց, ինչի պատճառով երկու երկրների փոխհարաբերությունների լարվածությունը մեծացավ։ Այլ կերպ ասած, Ռաֆսանջանիի նախագահության ընթացքում ԻԻՀ-ն արտաքին քաղաքականության ոլորտում որդեգրեց լարվածության թուլացման քաղաքականություն, որի շրջանակներում, թեև հեղափոխության «արտահանումից» որպես սկզբունք չէր հրաժարվել, սակայն դիվանագիտական բառապաշարից աստիճանաբար դուրս էր մղվում։  
Ռաֆսանջանիի պրագմատիկ արտաքին քաղաքականության ցայտուն դրսևորումներից էր նաև Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ որդեգրած քաղաքականությունը։ Որպես նշվածի վկայություն՝ այս առնչությամբ ներկայացնում ենք նրա հուշագրություններից երկու դրվագ։ 1993թ․ հոկտեմբերի 27-ին Բաքվում տեղի է ունեցել Ռաֆսանջանի-Ալիև հանդիպում, որին ներկա են եղել նաև Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Վիլայաթին ու Հասանովը, թարգմանիչը եղել է Իրանի դեսպանը, ում Բաքուն միանգամայն վստահում էր։ Ռաֆսանջանին գրել է․ «Այդ պահին հնչեց հեռախոսի զանգը, Ալիևն ասաց, որ հայտնում են, թե Զանգելանը  հայկական ուժերի ինտենսիվ կրակի տակ է, բնակչությունը փախչում է դեպի Իրան, Արաքսն անցնելիս մեծ թվով զոհեր են լինում։ Նա, ըստ երևույթին, բուն ասելիքի համար հող պատրաստելու նպատակով գույները խտացնելով, իրավիճակը խիստ դրամատիկ էր ներկայացնում, բայց ասածի մեջ ճշմարտություն կար․․․ Քարտեզը բերեցին և բացատրեցին, որ Իրանի սահմանին են հասնում․․․ Ապա հստակ առաջարկով պնդում, խնդրում էին, որ հօգուտ իրենց մտնենք պատերազմի մեջ։ Նրանք շեշտում էին, թե Ադրբեջանը ձեր տրամադրության տակ է լինելու, պատրաստ ենք այստեղ իսլամական հանրապետություն ձևավորել, որ առանց Իրանի մենք չենք կարող պաշտպանվել, հնարավոր է՝ հայերը մինչև Բաքու հասնեն ․․․ Ասացի, որ դա մեզ համար գերդժվար որոշում է, տարածաշրջանային ու համաշխարհային  հակազդեցություններով լի, պետք է դրա հետևանքները բոլոր կողմերով ուսումնասիրվեն Թեհրանում, հետո կպատասխանենք․․․»։ Այստեղ ակնհայտ է Ռաֆսանջանիի պրագմատիկությունը, քանզի նրա որդեգրած արտաքին քաղաքականության մեջ կա հեռացում հետհեղափոխական առաջին տասնամյակի կարգախոսներից, հեղափոխության «արտահանումից», մուսուլման եղբայրներին  անվերապահ աջակցելուց։ Հեյդար Ալիևը, թերևս, հաշվարկներով էր այդօրինակ «գայթակղիչ»
առաջարկություններով Իրանին ներքաշել պատերազմի մեջ։ Ապա շարունակել  է․ «Հաջորդ օրը (հոկտեմբերի 28-ին) մեր բոլոր այցելությունների ժամանակ Ալիևն ուղեկցում էր մեզ և նույն բանը կրկնում, որ պետք է առիթից օգտվենք և մեծացնենք մեր ներկայությունն Ադրբեջանում, երբեմն էլ նշում էր, թե Ադրբեջանը ձերն է եղել, եկեք, պաշտպանեք։ Ալիևը շեշտում էր, թե մենք միասին կարող ենք Ռուսաստանին հետ շպրտել մինչև իր իրական սահմանները, քանի որ Դաղստանը, Թաթարստանը, Չեչնիան, Ինգուշեթիան ու Օսեթիան խիստ դժգոհ են Ռուսաստանից։ Անշուշտ հասկանալի էր, որ պատերազմում անճարակ, անօգնական վիճակում հայտնվելու պատճառով էր նման դիրքորոշումն ու խոսակցությունը, ինչին չէինք կարող հավատալ։ Բացի այդ Նիազովն էլ  նշում էր, որ Ադրբեջանը և՛ ԱՊՀ-ում, և՛ Կասպից ծովի հարցում լիովին կիսում է Մոսկվայի տեսակետները »։  Այլ կերպ ասած՝ Ալիևի աղերսանքները չեն կարողացել ազդեցություն ունենալ Իրանի նախագահի վրա: Ահա թե ինչու Բաքուն չի ներում Իրանին այդ խայծը կուլ չտալու համար և անտեսելով Թեհրանի բազմակողմանի աջակցությունը պատերազմի ընթացքում՝ վերջինիս մեղադրում է հայամետության մեջ։ 
 
Մեկ այլ դեպքում Ռաֆսանջանին գրել է 1994թ․ հունիսի 29-ի մասին, երբ Ալիևն առանձին հանդիպում էր խնդրել նրանից և հատնել, թե ռուսները պնդում են, որ Ադրբեջան-Իրան (խոսքն Արցախ-Իրան սահմանի մասին է) սահմանի հատվածում տեղակայվեն ռուսական ուժեր, ինչպես նաև շփման գծում հայ-ադրբեջանական ուժերի միջև բուֆերային գոտում, որպեսզի հայկական ուժերին հարկադրեն աստիճանաբար նահանջել «գրավյալ տարածքներից»՝ բացառությամբ Ղարաբաղի ու Քելբաջարի որոշ հատվածների։ Ալիևը խորհրդակցել էր Ռաֆսանջանիի հետ, ինչին ի պատասխան վերջին սկզբում կտրականապես դեմ էր արտահայտվել, ապա համաձայնել բազմազգ ուժերի տեղակայմանը, հակառակ դեպքում ժամանակ շահել բանակցություններով ։  
 
1997թ․ մայիսի 23-ին նախագահական ընտրություններում փայլուն հաղթանակով բարենորոգչական կողմնորոշմամբ Մոհամեդ Խաթամին (1997-2005թթ․) ստանձնեց երկրի նախագահի պաշտոնը, ինչը, կարելի է ասել, որ բարենորոգչական հոսանքի շռնդալից մուտքն էր այդ երկրի քաղաքական ասպարեզ։ Սակայն ընդդիմադիր պահպանողական հոսանքը, որն օրենսդիր և դատական իշխանություններում տնօրինում էր հզոր լծակների, պատնեշում էր նրա բարենորոգչական քայլերը թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքականության ոլորտներում: Բայց և այնպես Խաթամիի նախագահության օրոք Իրանի արտաքին քաղաքականության մեջ լուրջ, որոշ դեպքերում՝ աննախադեպ, տեղաշարժեր արձանագրվեցին։ Փորձագետները Խաթամիի կառավարման շրջանի արտաքին քաղաքականությունը հաճախ գնահատում են որպես լարվածության թուլացման խորացում և աշխարհի հետ կառուցողական երկխոսության ժամանակաշրջան: Իրանի և Արևմուտքի փոխարաբերություններում բարելավման միտումն ակնհայտ էր, ահավասիկ, նախագահ Բիլ Քլինտոնն ու պետքարտուղար Մադլեն Օլբրայթն Իրանից ներողություն հայցեցին 1953թ․ հեղաշրջմանն ակտիվ մասնակցություն ունենալու համար։ Ավելին, 1998թ․ՄԱԿ-ի վեհաժողովում Քլինտոնը ներկա գտնվեց Խաթամիի ելույթին, թեև վերջինս խուսափել էր փոխադարձ քայլից։ Քլինտոնի այդ քայլն ԱՄՆ որևէ նախագահ այլևս չկրկնեց։ Խաթամիի նախագահության երկրորդ ժամկետը համընկավ ԱՄՆ-ում Ջորջ Բուշ Կրտսերի նախագահության հետ, և երկու երկրների փոխհարաբերություններում լարվածությունը նկատելի դարձավ։ Իսկ 2003թ․, երբ օրակարգ մտավ Իրանի միջուկային ծրագրերի հարցը, բացահայտվեց ուրանի հարստացման գաղտնի գործընթացը, երկու երկրների փոխհարաբերություններն առավելապես լարվեցին։ Այսուհանդերձ, Բրյուսելում և Թեհրանում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ բանակցությունների արդյունքում կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց հարցը ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների խորհրդում մնալու, ՄԱԿ-ին չհանձնելու վերաբերյալ, ինչի դիմաց Իրանը ժամանակավորապես  պետք է սառեցներ ուրանի հարստացումը։ 
Մահմուդ Ահմադինեժադի նախագահության օրոք (2005-2011թթ.) Իրանի արտաքին քաղաքականությունը կտրուկ փոփոխության ենթարկվեց, հակվեց դեպի հետհեղափոխական շրջանի գաղափարախոսություն, հակաիմպերիալիստականություն՝ հակաամերիկանություն: Ինչպես նշում է Ալի Էսմաիլին. «Իդեալիստական դիսկուրսը կրկին «լուսանցքից» տեղափոխվեց ԱԳ քաղաքականության բուն «նյութ»: Այդ դիսկուրսի առանձնահատկություններից է միջազգային ընդունված նորմերը հարցականի տակ դնելը, արևմտյան երկրների, և, մասնավորապես, ԱՄՆ-ի հանդեպ հարձակողական դիրքորոշումը, մարտահրավերներ նետելը գերտերությունների վարած քաղաքականությանը … »: Վերլուծաբաններից ոմանք էլ Ահմադինեժադի արտաքին քաղաքականությունը համարում են «երկրաշարժ», երբեմն էլ՝ ռեվիզոնիստական, քննադատում են նաև ԱԳ նախարարությունում վերջինիս կադրային քաղաքականությունը, քանի որ նա  աշխատանքից հեռացրեց բանիմաց, փորձառու դիվանագետների։ 
 
Անդրադառնալով Ահմադինեժադի արտաքին քաղաքականության գլխավոր ուղղություներին՝ նշենք, որ նրա քաղաքականությունը, կարելի է «հայացք դեպի արևելք» անվանել, որտեղ լուրջ հաջողություններ չգրանցվեցին։ Նա նաև լուրջ ջանքեր գործադրեց իր դարն ապրած Չմիավորված երկրների կազմակերպության հեղինակությունն ընդդեմ իմպերիալիզմի բարձրացնելու ուղղությամբ, ինչը, բնականաբար, ապարդյուն էր։ Սակայն արտաքին քաղաքականության հարցերի հարցը մնում էին միջուկային ծրագրերը, որոնք ոչ միայն լուծում չստացան, այլ եթե ոչ հիմնականում, ապա նրա որդեգրած քաղաքականության պատճառով երկիրը հայտնվեց համաշխարհային սահմանափակումների ճիրաններում (նա դրանք ի սկզբանե թղթի կտոր էր անվանում)։ Ռաֆսանջանին առաջին հերթին վերսկսեց ուրանի հարստացման գործընթացը, ինչը պատճառ դարձավ ՄԱԳԱՏԷ-ի տնօրենների խորհրդի կողմից 2006թ․ մարտին հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ տեղափոխելու համար, իսկ նույն թվականի հուլիսի 31-ին վերջինս հաստատեց Իրանի դեմ առաջին՝ 1696 բանաձևը։ Այնուհետև մեկը մյուսի հետևից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ևս 4 բանաձև հաստատեց։ Նոսրաթոլա Թաջիկի կարծիքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագիտության պատմության մեջ Ահմադինեժադի նախագահության շրջանը վատթարագույնն է ։
 
2013թ․ Իրանի նախագահական ընտրություններում բարենորոգիչների աջակցությամբ հաղթեց չափավորական կողմնորոշմամբ Հասան Ռոհանին, սակայն այդ հարցում, թերևս, նշանակալից դեր ունեցավ քարոզարշավում միջուկային ծրագրերի հարցի լուծման խիստ կարևորումը, ինչի պատճառով երկրի տնտեսությունը ծանր վիճակում էր հայտնվել: Ընտրվելուց հետո այս ուղղությամբ նրա կատարած երկու նշանակալից քայլերն են՝ Մոհամեդ Ջավադ Զարիֆի ընտրությունն ԱԳ նախարարի պաշտոնում, ով փորձառու դիվանագետ էր և տարիներ շարունակ Իրանի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ-ում, ապա միջուկային հարցի պատասխանատվությունը և բանակցություններն Ազգային անվտանգության գերագույն խորհրդից ԱԳ նախարարություն տեղափոխելը: Զարիֆն անմիջապես ձեռնամուխ եղավ 5+1-ի հետ բանակցությունների վերսկսման գործին, բանակցություններ, որոնք երկու տարի  շարունակվեցին՝ ընթանալով  բավական դժվարին ու մեծ ելևէջումներով: Եվ, ի վերջո, 2015թ. հուլիսի 14-ին Վիեննայում ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1 համաձայնագիրը,
իսկ հուլիսի 15-ին այն 2231 բանաձևով հաստատվեց նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: 2016թ. հունվարի 16-ից սկսվեց Իրանի դեմ կիրառված սահմանափակումների աստիճանաբար վերացման գործընթացը, արևմտյան ու ասիական տարբեր երկրների խոշոր ընկերությունների մեծ հոսքը դեպի Իրան, կնքվեցին բազմաթիվ համագործակցության համաձայնագրեր: 2017թ․-ից արդեն, երբ Թրամփը սպառնաց, որ չեղարկելու է այդ «շատ վատ» համաձայնությունը, օտարերկրյա ընկերությունները սկսեցին աստիճանաբար հեռանալ և չեղարկել պայմանավորվածությունները։ 2018թ․ մայիսի 8-ին նախագահ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ-ը հեռացավ համաձայնությունից։ Եվրամիության ջանքերը, որոնք ուղղված են Իրան-4+1 ձևաչափով համաձայնությունը պահպանելուն, փաստորեն ապարդյուն անցան, Իրանը մնաց ձեռնունայն, ուստի իր հերթին աստիճանաբար հրաժարվեց համաձայնությամբ ստաձնած պարտավորություններից, ինչի արդյունքում հայտնվել է ՄԱԿ-ի սահմանափակումների հնարավոր վերականգնման վտանգի առջև։ Իսկ սա նշանակում է, որ Իրանն այժմ տնտեսապես, եթե ոչ ավելի վատ, ապա նույն իրավիճակում է, երբ Ռոհանին ստանձնեց նախագահի պաշտոնը։ Հանգամանք, ինչի պատճառով նրան քննադատում են և՛ բարենորոգիչները, և՛ պահպանողականները։ Վերջիներս Ռոհանիին մեղադրում են Արևմուտքին վստահելու մեջ։ Հավելենք, որ 2008թ․ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման դեռևս ընտրությունների քարոզարշավի ընթացքում բազմիցս նշել էր, թե Իրանի հանդեպ որդեգրելու է երկխոսության, բանակցությունների քաղաքականություն, ինչը հույս էր ներշնչում, որ Իրանի միջուկային ծրագրերի հարցը կփակվի։ Սակայն Ահմադինեժադի նախագահության տարիներին բանակցություններն անցան ապարդյուն։ Թեև Ռոհանիի օրոք միջուկային ծրագրերի հարցում  լուրջ հաջողություն արձանագրվեց, սակայն Օբաման ձգտում էր բանակցություններում ներառել նաև երկու երկրների միջև առկա այլ տարաձայնությունների հարցեր, ինչը, վերլուծաբանների կարծիքով, կարող էր ԱՄՆ-ի նոր պահպանողականների դիրքորոշումները մեղմել։ Ռոհանին հաճախ քննադատությունների թիրախ է դառնում նաև իր վարած տարածաշրջանային քաղաքակականության պատճառով։ Ընդգծվում է, թե որևէ լուրջ ձեռքբերում չի արձանագրվել, որը գնահատվում է «բոլոր հավկիթները միջուկային համաձայնության զամբյուղում դնելու հետևանք»։ Այսուհանդերձ, պետք է նշել, որ վերջին շրջանում Ռոհանիի կառավարությունն ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանի և մասնավորապես Պարսից Ծոցի երկրների հետ փոխհարաբերությունները բնականոնացնելու ուղղությամբ, թեև արդյունքները դեռևս տեսանելի չեն:
 
Էմմա Բեգիջանյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ
 
 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին  քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 477 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար