Չինաստանից մի տնտեսվարող ամեն օր մեր երկրից մի բեռ բժշկական դիմակ է գնում


Չինաստանից մի տնտեսվարող ամեն օր մեր երկրից մի բեռ բժշկական դիմակ է գնում

  • 14-02-2020 16:04:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Չինաստանում շարունակում են պահանջված լինել բժշկական դիմակներ: Այնքան, որ պարզվում է՝ դրանք կանոնավոր պարբերականությամբ ներկրվում են նաեւ Հայաստանից:
 
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասել է, որ Չինաստանից ամեն օր մի խմբաքանակ բժշկական դիմակի պատվեր է լինում:
 
Օրեր առաջ էլ չինական Սիան քաղաքն օգնություն էր խնդրել Գյումրիից, և Գյումրիի քաղաքապետարանը որոշել էր Չինաստան ուղարկել դիմակներ, բախիլներ, բժշկական այլ պարագաներ: 1 մլն 480 հազար դրամի շրջանակներում Գյումրու քաղաքապետարանը ձեռք էր բերել բժշկական պարագաներ՝ 1000 հատ մեկանգամյա օգտագործման խալաթ, 14.230 հատ դիմակ, 20.000 բախիլ և 10.000 հատ ձեռնոց: 
 
Նշենք, որ Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում բռնկված կորոնավիրուսի համաճարակի արդյունքում Չինաստանում ամենապահանջված ապրանքների ցանկի առաջատարը բժշկական դիմակն է: Քանի որ այս սուր շնչառական վիրուսն օդակաթիլային ճանապարհով բավական արագ տարածվող է, դիմակների պաշտպանությունից Չինաստանի այս հատվածում օգտվում են բոլորը, փողոցներում թե հանրային կենտրոններում մարդիկ քիթն ու բերանը ծածկում են դիմակով՝ մեծ մասամբ կանխելով վարակվելու հնարավորությունը (վիրուսը թափանցում է նաև աչքերի լորձաթաղանթի միջոցով):
 
Պաշտոնական տվյալներով՝ այսօր կեսօրին Չինաստանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 1380-ի, վարակից ապաքինվածներինը՝ 6723-ի։
 
Կեսգիշերի տվյալներով՝ վարակի հաստատված դեպքերի թիվը մոտ 64 հազար է, մոտ 178 հազար մարդ բժիշկների հսկողության տակ է։
 
Այս վարակը կանխարգելելու համար հունվարի վերջին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը միջազգային նշանակության արտակարգ դրություն է հայտարարել։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն