Սա պետք է շտապ կանգնեցնել. բանակին մեծ վտանգ է սպառնում


Սա պետք է շտապ կանգնեցնել. բանակին մեծ վտանգ է սպառնում

  • 15-02-2020 10:05:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երեկ ՊԲ արեւելյան ուղղությամբ մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 23-ամյա պայմանագրային զինծառայող Հայկ Ասրյանը, ով մասնագիտությամբ ծրագրավորող էր, ոսկե մեդալով ավարտել էր դպրոցն ու գերազանցությամբ՝ համալսարանը: Նախեւառաջ հարց է առաջանում՝ նրա մասնագիտությունը բանակին պե՞տք չէր, մանավանդ ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական-հիբրիդային դիմակայության պայմաններում: Այս հարցը հրատապ է նաեւ այն առումով, որ վերջերս մեկ այլ մահվան դեպքով բացահայտվեց զորամասերից մեկում «նայողների» եւ արտոնյալների դեպքը, որոնք կարծես թե մարտական հերթապահության չեն գնում:
 
Հայկի դեպքն արդեն 13-րդն է այս տարի, 13 մահ ոչ հակառակորդի զենքից: Հանրությունը քննարկում է այս իրավիճակը, մասնագետները ելքեր են առաջարկում: Կարծիքներ են հնչում, որ սա պատահական չի կարող լինել, եւ նման է հայկական բանակի դեմ հիբրիդային դավադրության ու քայքայիչ աշխատանքի: Կան նաեւ շրջանակներ, որոնք հարմար առիթ են գտել սեփական խնդիրների համար ու պարզապես դիակապտությամբ են զբաղված:
 
Բանակի այս միջադեպերը միայն քրեական ենթամշակույթի խնդիր չեն, այլ ավելի համալիր խնդիրների մի կծիկ, որը պահանջում է նույնքան համալիր լուծում: Սկսած դպրոցից ու բուհից, ռազմական կրթության, սպայական համապատասխան կադրերի պատրաստումից մինչեւ կանոնադրական հարաբերությունների կոշտ հաստատում: Իր հերթին, մասնագիտական խոր քննարկումներ են անհրաժեշտ հայկական բանակի մոդելի շուրջ, մի կողմից հաշվի առնելով պատերազմական իրավիճակը, մյուս կողմից՝ եղած մարդկային, նյութական ռեսուրսը ճիշտ ու արդյունավետ օգտագործելու հրամայականը:
 
Հայկական բանակի ներկայիս դրվածքն առավելապես ռուսական-սովետական բանակի մոդելն է, որը հիմնված է եղել «մսաղացի» ու կազարմային փակ համակարգի ու կիսաքրեական հիերարխիայի վրա: Նման մոդելում երկրորդ պլան էր մղվում զինվորական պատրաստության խնդիրը, քանի որ այն ենթադրում էր «քանակով վերցնելու» դարավոր ավանդույթը, իսկ միջանձնային հարաբերությունները, սպաներ-զինվորներ հարաբերությունները կառուցվում էին չգրված օրենքների վրա:
 
Հայկական բանակի համար այս վերջին ողբերգական շրջանը այլ վտանգներ է պարունակում, թե բանակի ներսում բարոյահոգեբանական վիճակի, թե ընդհանրապես հանրային վերաբերմունքի մասով: Եթե մի կողմ դնենք դավադրապաշտական մոտեցումները, պետք է արձանագրել սակայն, որ հետեւանքները կարող են լինել նույնը, ինչ դավադրության ու դիվերսիայի դեպքում:
 
Այս վիճակը պետք է արագ հանգուցալուծվի, պետք են մարդիկ, ովքեր հստակ պատկերացնում են այդ ուղղությամբ քայլերն ու սխեմաները:
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը