Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարարի հետ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարարի հետ

  • 15-02-2020 13:50:51   | Գերմանիա  |  Մամլո հաղորդագրություն

Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում փետրվարի 14-ին  տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ: 
 
Նախարար Մնացականյանը շնորհավորեց Գրլիչ Ռադմանին ԵՄ Խորհրդում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ վերահաստատելով հայկական կողմի աջակցությունը Խորվաթիայի նախագահության առաջնահերթություններին:
 
Գործընկերները մտքեր փոխանակեցին հայ-խորվաթական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, մասնավորապես կարևորեցին տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների, փոխայցերի ակտիվացման և քաղաքական խորհրդակցությունների անցկացման ուղղությամբ համատեղ ջանքերի գործադրումը։
 
Առանձնահատուկ ընդգծվեց բազմակողմ հարթակներում համագործակցության ներուժի լիարժեք կիրառումը։ Անդրադառնալով Հայաստան-ԵՄ գործընկերությանը` կողմերն ընդգծեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դերը ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ հարաբերությունների խթանման և իրավական կարգավորման գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին առաջիկա ԱլԳ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
 
Մարդկանց միջև փոխշփումների աշխուժացման համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մատնանշեց ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը Հայաստանի համար:
 
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչություն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն