Սյունիքում ու Արարատում ձյուն է տեղում. կան փակ ճանապարհներ, մեքենաների կուտակումներ
17-02-2020 10:17:54 | Հայաստան | Հասարակություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին, ժամը 08:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի:
Փակ է Ջերմուկ-Գորայք ավտոճանապարհը (բուք): Ջերմուկի կողմից կա կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար ավտոմեքենա, իսկ Գորայքի կողմից՝ 40 տրանսպորտային միջոց:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից) տեղում է ձյուն: