ԱԱԾ-ն կհայտնաբերի՞ դիվերսանտին. վտանգավոր խաղ Հայաստանի դեմ


ԱԱԾ-ն կհայտնաբերի՞ դիվերսանտին. վտանգավոր խաղ Հայաստանի դեմ

  • 17-02-2020 11:20:18   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանն ԱԱԾ-ին կոչ է արել հայտնաբերել ֆեյսբուքյան ֆեյք էջի հետեւում գտնվող անձին, որի էջից համացանցում լայնորեն տարածվում է գրառում բանակում մահերի հետ կապված: Այդ գրառումն իր մեջ պարունակում է չափազանց վտանգավոր շեշտադրումներ, կապված հայաստանցի-արցախցի, Հայաստան-Արցախ հարաբերության հետ, պարունակում է կոչ՝ Արցախից հետ բերել հայաստանցի զինծառայողներին, եւ այլն:
 
Տարածվող գրառումը հազիվ թե հնարավոր է բնորոշել այլ կերպ, քան Հայաստանի դեմ տեղեկատվական դիվերսիա, ոտնձգություն ազգային անվտանգության դեմ: Քոչարյանի որդին այդ կապակցությամբ հրավիրում է ԱԱԾ ուշադրությունը, կոչ անելով հայտնաբերել օգտատիրոջը եւ պարզել, թե ինչ քաղաքական համակրանքի կամ հայացքի տեր է նա:
 
Լեւոն Քոչարյանի կոչն անկասկած ունի նաեւ հասկանալի անձնական մոտիվացիա: Բանն այն է, որ հունվարին ԱԱԾ-ն արագորեն հայտնաբերեց մի օգտատիրոջ, որի էջից տարածվել էր կեղծ տեղեկություն այն մասին, թե Հայաստանի վարչապետը իրանցի գեներալ Սոլեյմանիին սպանելու համար շնորհավորել է Դոնալդ Թրամփին: Այդ տեղեկությունն արագ տարածեցին ադրբեջանական ԶԼՄ-ները, հասցնելով նաեւ իրանյան մեդիատարածք: Այդ իրողությունը միանգամայն իրավացիորեն գնահատվեց պետական անվտանգության դեմ ուղղված քայլ: ԱԱԾ հայտնաբերեց ֆեյք էջի օգտատիրոջ, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, եղել է Ռոբերտ Քոչարյանի համակիր:
 
Այդ առումով հասկանալի է, թե ինչու է Լեւոն Քոչարյանն օգտագործում առիթն ու հարցադրում անում ԱԱԾ-ին, խոսելով, թե այժմ կերեւա՝ կա երկակի ստանդարտ, թե ոչ:
 
Դրանով հանդերձ, բոլորովին երկրորդական է, թե երկրորդ նախագահի որդին ինչ անձնական շարժառիթով կարող է բարձրացնել հարցը ԱԱԾ առաջ: Որովհետեւ բարձրացվող հարցն իրապես վերաբերում է պետական անվտանգության խնդրին, ամենեւին ոչ պակաս, քան հունվարին տարածված հայտնի ապատեղեկատվությունը:
 
Այն հարցերը, որ շոշափվել են ֆեյք օգտատիրոջ գրառումով ու լայն տարածում ստացել մեդիատարածքում, քայքայիչ են Հայաստանի ու Արցախի ոչ միայն զուտ անվտանգության, այլ նաեւ զարգացման կարողությունների տեսանկյունից: Ավելին, մեծ հաշվով դրանք անմիջական անվտանգունակությանը կամ պաշտպանունակությանը չէ, որ սպառնում են, այլ հենց Հայաստանի ու Արցախի կայուն զարգացման համար անհրաժեշտ հանրային տրամադրությանն ու մթնոլորտին:
 
Հետեւաբար, դրանց հեղինակներին բացահայտելը անհրաժեշտ է, թեեւ խնդիրն ընդհանրապես պահանջում է առավել ընդգրկուն լուծում: Ի վերջո, անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ այդօրինակ տեղեկատվություն շատ հանգիստ կարող են տարածվել օրինակ Ադրբեջանից, կամ աշխարհի որեւէ այլ կետից: Հետեւաբար, տեղեկատվական դարում շատ բարդ է զուտ ֆիզիկական կամ քրեաիրավական գործիքով պայքարել այդպիսի տեղեկատվական սադրանքների դեմ: Ըստ այդմ, պայքարի հիմնական ծանրությունը պետք է ընկնի հանրային գիտակցության ուղղությամբ աշխատանքի վրա, այդ գիտակցության այնպիսի միջավայր ձեւավորելու վրա, որ անգամ առավոտից երեկո տեղեկատվական այդպիսի ֆեյքեր տարածելու պարագայում դրանք բացարձակապես որեւէ հող չգտնեն հանրային որեւէ շերտում:
 
Իսկ այստեղ էական անելիք ունեն քաղաքական կառավարող վերնախավն ու հանրային-քաղաքական մյուս սուբյեկտները:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն