Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն


Քրեակատարողական ծառայողները նոր հանդերձանք ունեն

  • 17-02-2020 12:50:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության համակարգում շարունակվող բարեփոխումների համատեքստում փոփոխության է ենթարկվել նաև քրեակատարողական ծառայողների հանդերձանքը։
 
Հաշվի առնելով դրա փոփոխության, կրման համար առավել հարմարավետ դարձնելու, ինչպես նաև հանդերձանքի ծավալն օպտիմալացնելու պահանջը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 20-ի N 776-Լ որոշմամբ՝ սահմանվել են քրեակատարողական ծառայողի ամառային և ձմեռային նոր հանդերձանքի, այդ թվում՝ համազգեստի, խորհրդանշանի և տարբերանշանների նկարագրերը, դրանք տրամադրելու կարգը, ժամկետները և պայմանները:
 
Քրեակատարողական ծառայողների պատշաճ արտաքին տեսքն ապահովելու և այն ժամանակին համահունչ դարձնելու նպատակով մշակվել և կիրառության մեջ են դրվել դեռևս Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած հանդերձանքից էապես տարբերվող համազգեստի, ուսադիրների և գլխարկանշանների նոր տեսակներ։ Քրեակատարողական ծառայողների ամենօրյա, դաշտային, հատուկ նշանակության և տոնական հանդերձանքների նորամուծությունների ընթացքում առանձնահատուկ կարևորվել են ինչպես դրանց նորաձև և ժամանակակից տեսքը, այնպես էլ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների տարբեր ստորաբաժանումների գործառութային պարտականությունների առանձնահատկությունները և դրանց իրականացման ընթացքում հանդերձանքի կրման հարմարավետությունը։
 
Քրեակատարողական ծառայության համակարգում նոր հանդերձանքի հատկացման գործընթացն արդեն սկսվել է, այն իրականացվելու է փուլերով՝ ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից հաստատված ժամանակացույցի։
 
Նոր հանդերձանքի ձեռքբերումն իրականացվում է պետական բյուջեով Քրեակատարողական ծառայությանը հատկացվող միջոցների հաշվին, լրացուցիչ ֆինանսական միջոցներ չեն պահանջվելու:
 
 ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն