Արցախի սահմանը. հայկական կողմը փակել է հարցը


Արցախի սահմանը. հայկական կողմը փակել է հարցը

  • 17-02-2020 15:55:50   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանը տարածքներից է խոսում, մենք՝ անվտանգությունից, Մյունխենում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահի հետ աղմուկ հանած քննարկման ընթացքում:
 
Հայաստանն արցախյան գործընթաց է բերում «էքզիստենցիալ» անվտանգություն արտահայտությունը: Տարիների ընթացքում ձեւավորվել է մտայնություն, որ հայկական կողմի ռազմավարական նպատակը «կարգավիճակի» հարցն է, այլ կերպ ասած՝ «տարածք միայն կարգավիճակի դիմաց» բանաձեւը:
 
Խորքային առումով սակայն, Հայաստանի համար դա մեկ այլ ծուղակ է, ինչպիսին էր դեռեւս 2017 թվականին շրջանառության մեջ դրված «տարածքներ խաղաղության դիմաց» լավրովյան բանաձեւը: Պարզապես «կարգավիճակի» պարագայում ծուղակը փոքր ինչ հեռանում է, մի քանի քայլ:
 
Ի վերջո, այդ հանգամանքը գնահատելու համար անհրաժեշտ է գնահատել հայկական պետականության ռազմավարական անհրաժեշտությունը, կենսական անհրաժեշտությունը մի ռեգիոնում, որտեղ անմիջապես երկու հարեւան գործնականում չեն հրաժարվելու հայկական պետականության հանդեպ ռազմավարական նկրտումից, ինչպիսի պայմանագրեր էլ ստորագրվեն խաղաղության համար: Վերջին հաշվով, միայն չափազանց միամիտ եւ մոլորված հանրություններին է հնարավոր «խաղաղություն վաճառել» պայմանագրով: Խաղաղությունն ունի շատ կոնկրետ ռեսուրսային գին, այդ թվում անվտանգային, պաշտպանական բնագծի առումով:
 
Երբ կարգավիճակի դիմաց որեւէ առարկայական խոսակցության պարագայում հայկական կողմի առաջ դրվի տարածքների հարցը, Հայաստանն ու Արցախը կանգնելու են փակուղում:
 
Ահա թե ինչու «տարածք խաղաղության դիմաց» բանաձեւը չեզոքացնելուն զուգահեռ, Հայաստանը փորձում է ներդնել «անվտանգության ոչ մի զիջում» բանաձեւը, հաջորդ քայլերից հետո նորից փակուղում չհայտնվելու համար:
 
Որովհետեւ հիմնարար խնդիրը եւ գործոնը Արցախի կարգավիճակը չէ, այլ տարածքները: Դրանց շուրջ է աշխարհքաղաքական, ռազմա-քաղաքական ամբողջ առանցքն ու հայկական սուբյեկտության հիմնարար դերը: Ըստ այդմ այստեղ է, որ չի կարող լինել զիջում, կամ պետք է լինի առնվազն առավելագույն բանակցային նշաձող, ոչ թե լոկ կարգավիճակի հարցում: Կարգավիճակը հայկական կողմի համար այլեւս խնդիր չէ: Ճանաչման հարցը կախված է լոկ այն հանգամանքից, թե ինչպես է հայկական կողմն առաջ մղելու «էքզսիտենցիալ անվտանգության» գործոնը: Հայկական պետականության համար չկա Արցախի անկախության ճանաչման գերխնդիր: Հարցն այն է, թե ինչ սահմանով պետք է ճանաչվի այդ անկախությունը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն