Հարութ Սասունյան. Աշխարհը չի սիրում Թրամփին և նրա քաղաքականությունը՝ ըստ «Փյու» հետազոտական կենտրոնի


Հարութ Սասունյան. Աշխարհը չի սիրում Թրամփին և նրա քաղաքականությունը՝ ըստ «Փյու» հետազոտական կենտրոնի

  • 17-02-2020 16:22:54   | ԱՄՆ  |  Վերլուծություն



«Փյու» հետազոտական կենտրոնի (Pew Research Center) հրապարակած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում շատերը հավանություն չեն տալիս նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությանը։ Սա զարմանալի հայտնագործություն չէ, բայց այն  ամբողջովին հակասում է իր ուռճացված նվաճումների մասին նախագահի պնդումներին։
Նույնիսկ ընտրվելուց առաջ նախագահի թեկնածու Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նախագահ Բարաք Օբաման հարգանք չէր վայելում մնացած աշխարհում, և որ նա, որպես նախագահ, կվերականգնի Միացյալ Նահանգների նկատմամբ հարգանքը օտար երկրների կողմից:
 
Հաշվի առնելով Թրամփի բազմաթիվ չափազանցություններն ու բացահայտ ստերը, ոչ մեկին չպետք է զարմացնի նրա պնդումների կեղծ լինելը։ Փաստն այն է, որ նրա նախորդը՝ Բարաք Օբաման, շատ հարգված էր ամբողջ աշխարհում, և, ընդհակառակը, Թրամփը մարդկանց մեծամասնության կողմից դարձել է ծաղրի առարկա Միացյալ Նահանգներում և նրա սահմաններից դուրս, բացառությամբ Թուրքիայի, Հյուսիսային Կորեայի, Ռուսաստանի, Չինաստանի և Սաուդյան Արաբիայի բռնակալ ղեկավարների։
 
Եկեք տեսնենք իրական թվերը՝ «Փյու» հետազոտական կենտրոնի տվյալների հիման վրա։ Հետազոտված 33 երկրներում միջին հաշվով մարդկանց միայն 18%-ն է հայտարարել, որ դրական է համարում Թրամփի արտաքին քաղաքականությունը։ Զարմանալի չէ, որ Թրամփի արտաքին քաղաքականության ամենաբարձր վարկանիշը եղել է իսրայելցիների շրջանում (55%), մինչդեռ 32%-ը չի հավանել, իսկ 13%-ը նշել է՝ «ոչ մի տարբերություն»:
 
Հետևյալ երկրները, նվազման կարգով, արտահայտել են իրենց հավանության աստիճանը նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նկատմամբ՝  Լեհաստան (34%), Հունգարիա (31%), Ուկրաինա (29%), Նիգերիա (29%), Հնդկաստան (27%), Քենիա (25%), Հարավային Աֆրիկա (25%), Սլովակիա (24%), Ավստրալիա (24%), Լիտվա (22%), Չեխիա (22%), Ֆիլիպիններ (21%), Ինդոնեզիա (19%), Հունաստան (19%), Բուլղարիա (18%), Լիբանան ( 18%), Մեծ Բրիտանիա (18%), Իտալիա (17%), Ճապոնիա (17%), Հարավային Կորեա (16%), Կանադա (16%), Ռուսաստան (14%), Նիդեռլանդներ (11%), Շվեդիա (11 %), Արգենտինա (10%), Թունիս (9%), Մեքսիկա (9%), Թուրքիա (9%), Ֆրանսիա (9%), Բրազիլիա (8%), Իսպանիա (7%) և Գերմանիա (6%)։ Միացյալ Նահանգներում Թրամփի արտաքին քաղաքականության հավանության վարկանիշը կազմել է 37%: Մտահոգիչ է այն փաստը, որ ամենացածր վարկանիշներից մի քանիսը ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանում էին։ Վարկանիշները շատ ցածր էին նաև հարևան երկրներում՝ Կանադայում և Մեքսիկայում:
 
Հետազոտված 33 երկրներում քաղաքականության առանձին խնդիրների վերաբերյալ հարցման պատասխանները միջին հաշվով ցույց են տալիս հետևյալ վարկանիշները․
 
- ԱՄՆ կողմից այլ երկրներից ներմուծվող ապրանքների սակագների կամ վճարների բարձրացումը. 18%-ը հավանություն է տալիս, 68%-ը հավանություն չի տալիս։
 
- ԱՄՆ-ի դուրս գալը կլիմայի փոփոխության միջազգային համաձայնագրերից. 14%-ը հավանություն է տալիս, 66%-ը հավանություն չի տալիս:
 
- ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանի վրա պատի կառուցումը. 24%-ը հավանություն է տալիս, 60%-ը հավանություն չի տալիս:
- ԱՄՆ ավելի քիչ ներգաղթյալների մուտքի թույլտվությունը. 34%-ը հավանություն է տալիս, 55%-ը հավանություն չի տալիս:
- ԱՄՆ-ի դուրս գալը Իրանի միջուկային զենքի համաձայնագրից. 29%-ը հավանություն է տալիս, 52%-ը հավանություն չի տալիս:
- ԱՄՆ բանակցությունները Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ երկրի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ. 41%-ը հավանություն է տալիս, 36%-ը հավանություն չի տալիս:
 
Ինչ վերաբերում է այն հարգանքին, որ ԱՄՆ-ի ներկա և նախկին երկու նախագահները՝ Թրամփը (2017-2019 թթ․), Ջորջ Բուշը (2001-2008 թթ․) և Բարաք Օբաման (2009-2016 թթ․) վայելել են ամբողջ աշխարհում, «Փյու» հետազոտական կենտրոնը պարզել է, որ ուսումնասիրված 33 երկրների մարդկանց շրջանում Օբաման շատ ավելի բարձր է դասվել, քան Բուշը և Թրամփը։ Ահա երեք նախագահների դասակարգումը իրենց նախագահության տարբեր տարիներին` ամենացածր և ամենաբարձր գնահատականներով.
 
Կանադա. Բուշ (28%-59%), Օբամա (76%-88%), Թրամփ (22%-28%):
Ֆրանսիա. Բուշ (12%-25%), Օբամա (83%-91%), Թրամփ (9%-20%):
Գերմանիա. Բուշ (14%-51%), Օբամա (71%-93%), Թրամփ (10%-13%):
Հունաստան. Բուշ (չի տրամադրվել), Օբամա (27%-41%), Թրամփ (17%-25%):
Իտալիա. Բուշ (30%-43%), Օբամա (68%-77%), Թրամփ (25%-32%):
Նիդեռլանդներ. Բուշ (39%), Օբամա (92%), Թրամփ (17%-25%):
Իսպանիա. Բուշ (7%-26%), Օբամա (54%-75%), Թրամփ (7%-21%):
Շվեդիա. Բուշ (21%), Օբամա (93%), Թրամփ (10%-18%):
Մեծ Բրիտանիա. Բուշ (16%-51%), Օբամա (72%-86%), Թրամփ (22%-32%):
Բուլղարիա. Բուշ (27%), Օբամա (չի տրամադրվել), Թրամփ (26%):
Չեխիա. Բուշ (36%), Օբամա (75%-77%), Թրամփ (28%):
Հունգարիա. Բուշ (չի տրամադրվել), Օբամա (58%), Թրամփ (29%-33%):
Լեհաստան. Բուշ (29-47%), Օբամա (49%-64%), Թրամփ (23%-51%):
Սլովակիա. Բուշ (21%), Օբամա (չի տրամադրվել), Թրամփ (34%):
Ռուսաստան. Բուշ (8%-28%), Օբամա (11%-41%), Թրամփ (20%-53%):
Ուկրաինա. Բուշ (19%), Օբամա (11%-41%), Թրամփ (44%):
Ավստրալիա. Բուշ (23%-59%), Օբամա (77%-84%), Թրամփ (29%-35%):
Հնդկաստան. Բուշ (չի տրամադրվել), Օբամա (48%-74%), Թրամփ (40%-56%):
Ինդոնեզիա. Բուշ (14%-23%), Օբամա (53%-71%), Թրամփ (23%-30%):
Ճապոնիա. Բուշ (25%-35%), Օբամա (60%-85%), Թրամփ (24%-36%):
Ֆիլիպիններ. Բուշ (չի տրամադրվել), Օբամա (84%-94%), Թրամփ (69%-78%):
Հարավային Կորեա. Բուշ (22%-36%), Օբամա (75%-88%), Թրամփ (17%-46%):
Իսրայել. Բուշ (57%-83%), Օբամա (49%-71%), Թրամփ (56%-71%):
Լիբանան. Բուշ (17%-34%), Օբամա (35%-46%), Թրամփ (15%-23%):
Թունիս. Բուշ (չի տրամադրվել), Օբամա (24%-28%), Թրամփ (12%-18%):
Թուրքիա. Բուշ (2%-8%), Օբամա (12%-45%), Թրամփ (11%):
Քենիա. Բուշ (72%), Օբամա (78%-95%), Թրամփ (51%-65%):
Նիգերիա. Բուշ (չի տրամադրվել), Օբամա (53%-84%), Թրամփ (58%-59%):
Հարավային Աֆրիկա. Բուշ (32%), Օբամա (72%-77%), Թրամփ (39%-42%):
Արգենտինա. Բուշ (5%-7%), Օբամա (31%-61%), Թրամփ (11%-22%):
Բրազիլիա. Բուշ (չի տրամադրվել), Օբամա (52%-69%), Թրամփ (14%-28%):
Մեքսիկա. Բուշ (16%-28%), Օբամա (38%-55%), Թրամփ (5%-8%): 
 
Վերջապես, «Փյու» հետազոտական կենտրոնի կողմից 33 երկրներում անցկացված հետազոտությամբ նախագահ Թրամփն աշխարհի մյուս խոշոր առաջնորդների համեմատությամբ երրորդ տեղում է՝ զիջելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և նույնիսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն մեկ կետով գերազանցել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին։ 
 
Հաջորդ անգամ, երբ Թրամփը պարծենա նրանով, թե ինչպես են իրեն հարգում ամբողջ աշխարհում ի տարբերություն նախագահ Օբամայի, կարող եք ժպտալ և ասել ինքներդ ձեզ՝ ևս մեկ կեղծիք․․․
 
Հարութ Սասունյան
 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
 Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play