Եվրոպայի հայկական դարպասը

17-02-2020 17:44:34   | Հայաստան  |  Վերլուծություն
Եվրամիությունն ու Ադրբեջանը ավարտին են հասցնում կասպիական գազը Եվրոպա տեղափոխելու վերաբերյալ ծրագրի մշակումը: Այդ մասին գրել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը: Ըստ նրա, Մյունխենի անվտանգային համաժողովի շրջանակում այդ առնչությամբ բանակցել են Ադրբեջանի էներգետիկայի նախարարի հետ: Ըստ նրա, կասպաիական գազը Եվրոպա հասցնելու ջանքերը մոտենում են եզրագծին:
 


Հայաստանն ու Արցախը պատրաստ են
իրենց ներդրումն ունենալ լայն անվտանգության համակարգում, Մյունխենի անվտանգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մյունխենում քննարկում էր կազմակերպվել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ:
 
Կովկասը Եվրոպայի անվտանգության դարպասներից է, այդ թվում ոչ միայն զուտ ռազմական, այլ այդ հասկացության համալիր իմաստով: Այդ շրջանակում է նաեւ էներգետիկ անվտանգությունը, որը փորձում են բարձրացնել կասպիական գազի շնորհիվ: Այդ համատեքստում, լայն անվտանգության հարցում Հայաստանի ու Արցախի ներդրման մասին Հայաստանի վարչապետի խոսակցությունը ստանում է նույնքան լայն նշանակություն եւ իմաստ:
 
Այն, որ Բրյուսելն ու Բաքուն ավարտին են մոտեցրել կասպիական գազի տարանցման շուրջ համաձայնությունը, վատ չէ: Եվրոպան փնտրում է օրինակ նաեւ ռուսական գազին այլընտրանք եւ այդ հարցում հաջողությունը պետք է ողջունել, քանի որ Բրյուսելն էլ Երեւանի համար կարեւոր ռազմա-քաղաքական գործընկեր է, եւ այդ իմաստով Եվրոպայի ամրությունը ցանկալի է Հայաստանի համար:
 
Միեւնույն ժամանակ, սակայն, Եվրոպայի համար էլ այդ հարցում պետք է խիստ ցանկալի լինի Հայաստանի ամրությունը: Անվտանգային ներդրման մասին Հայաստանի վարչապետի ակնարկը գործնականում նաեւ ակնարկ է այն մասին, որ Հայաստանից ու Արցախից է նաեւ զգալիորեն կախված, թե օրինակ ապահովության, կայուն գործունեության ինչպիսի վիճակում կլինեն այն էներգետիկ ենթակառուցվածքները, որոնք կանցնեն Կովկասով, մասնավորապես կասպիական ավազանից մինչեւ Եվրոպա:
 
Իսկ դրանք, որ ենթադրել են ու ենթադրում են միլիարդավոր ներդրումներ, ապահով կարող են լինել ռեգիոնալ կայունության ու անվտանգության պարագայում: Այլ կերպ ասած, կասպիական գազի համար Բաքվի հետ պայմանավորվածությունն ավարտին հասցնող Բրյուսելը թերեւս պետք է նույն շահագրգռությունն ունենա Բաքվի հետ մեկ այլ հստակ պայմանավորվածություն ունենալու եւ դրա կատարմանը
խստիվ վերահսկելու հարցում՝ բացառել ռազմական արկածախնդրություն արցախյան ուղղությամբ, որը աներկբա նշանակելու է Եվրոպայի էներգետիկ եւ ռազմա-քաղաքական անվտանգության թիրախավորում:
 
Դրա համար նույնիսկ արժե Ալիեւին ներել խորհրդարանի ընտրության այլանդակ կեղծիքները: Ի վերջո, Եվրոպային ոչինչ չի շողում ադրբեջանական ժողովրդավարության հարցում, իսկ ահա Բաքվի արկածախնդրությունը կարող է ունենալ անգամ ճակատագրական հետեւանք, իհարկե նաեւ Բաքվի համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 713 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար