Բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը. ԱԱԾ



18-02-2020 10:45:08   | Հայաստան  |  Իրավունք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մշտադիտարկման ներքո պահելով թմրամիջոցների միջազգային ապօրինի շրջանառությունը, այն դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ հետևողական պայ­քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու, հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց պատասխանատվության կանչելու ուղղությամբ օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրման և արտահանման փորձի հերթական դեպքը։
 


Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ փոխգործակցության արդյունքում, 2020 թ. փետրվարի 15-ին ստուգման է ենթարկվել մաքսային հսկման գոտին անցած Երևան-Կիև չվերթի կասկածելի ուղևորուհին՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, ում ուղեբեռում հայտնաբերվել է գործարանային փաթեթավորում ունեցող կոնֆետներում քողարկված առանձնապես խոշոր չափերով՝ 5 կիլոգրամ ընդհանուր քաշով «Ափիոն»
տեսակի թմրամիջոց, որը վերջինս փորձել է մաքսանենգ եղանակով Ուկրաինայի տարածքով տարանցիկ տեղափոխել Մեծ Բրիտանիա։
 
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացվել են տվյալներ, որ նշված ուղևորը Թեհրան-Երևան ավիաչվերթով մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն 2020 թ. փետրվարի 12-ին և, բնակություն հաստատելով Երևանի հյուրանոցներից մեկում, նույն օրը Մեղրիի մաքսակետով Հայաստան ժամանած հանցակցից ստացել է Իրանից մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցների խմբաքանակը։
 
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Օդանավակայանից բերման ենթարկված մաքսանենգը ձերբակալվել է, նույն օրը՝ Հայաստանի տարածքը լքելիս, ձերբակալվել է նաև վերջինիս հանցակիցը։
 
Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում  հանցավոր սխեմայում ներգրավված այլ անձանց պարզելու և պատասխանատվության կանչելու, թմրամիջոցների վաճառքից գոյացած ֆինանսական հոսքերի հասցեատերերին պարզելու  ուղղությամբ, տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 255 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար