Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահին

18-02-2020 11:43:42   | Կորեա  |  Մամլո հաղորդագրություն
Աշխատանքային այցով Կորեայի Հանրապետությունում գտնվող առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Կորեայի Ազգային առողջապահական ապահովագրական ծառայության նախագահ Յոնգ-Իկ Կիմին:
 


Հանդիպմանը մասնակցել է
նաև Համաշխարհային բանկի պատվիրակությունը, որի շնորհիվ էլ կազմակերպվել է հայկական պատվիրակության այցը Կորեա:
 
Յոնգ-Իկ Կիմը խոսել է նման փոխանակման ծրագրերի և միջոցառումների կարևորության մասին, հաշվի առնելով այն, որ Կորեայի առողջապահական ապահովագրական համակարգը ձևավորվելով 1977 թվականին` մեծ հաջողություններ է գրանցել և օրինակելի է աշխարհի շատ երկրների համար:
 
Նա նշել է, որ կորեական կողմն ուրախ է կիսվելու իրենց փորձով այլ երկրների քաղաքական գործիչների, պատգամավորների և ոլորտի ներկայացուցիչների հետ:
 
Նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և փորձի փոխանակման համար:
 
«Այն երկրների համար, որոնք նոր են սկսում նման բարեփոխումների ճանապարհով գնալ` Կորեայի փորձը շատ կարևոր և օգտակար է», – ասել է նա և հավելել, որ Հայաստանը ևս ընտրել է այդ ճանապարհը և գտնվում է հանրային առողջապահական ապահովագրական համակարգի ներդրման սկզբնական փուլում:
 
Կողմերը կարևորել են նաև փորձագետների փոխանակությունը երկրների միջև և պայմանավորվածություն ձեռք բերել ապագա համագործակցության համար:
 
Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար Ադաննա Ճուկվուման ընդգծել է երկրների միջև երկխոսության ստեղծման կարևորությունն արդեն կայացած համակարգերի մասով և ավելացրել, որ Համաշխարհային բանկը նույնպես շարունակելու է աջակցել Հայաստանին` բարեփոխումների մասով:
 
Հանդիպման վերջում նախարար Արսեն Թորոսյանը կորեացի փորձագետներին հրավիրել է այցելել Հայաստան` ուսումնասիրելու վերջին տարիներին իրականացված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԱՆ-ից:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 278 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար