«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում


«Այո»-ն շտաբներ կունենա բոլոր մարզերում ու քաղաքներում. միջոցառումների ժամանակացույցը կհրապարակվի Պապիկյանի ասուլիսում

  • 18-02-2020 17:17:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ապրիլի 5-ին սպասվող հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը առաջիկա մի քանի օրերին քարոզչական հրապարակային միջոցառումներ չունի: Այդ մասին ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը:
 
Նրա փոխանցմամբ՝ նախատեսված հրապարակային միջոցառումների ցանկը կհրապարակվի «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի կունենա առաջիկա օրերին:
 
Հիշեցնենք, որ երեկվանից պաշտոնապես մեկնարկել է հանրաքվեի քարոզարշավը:
 
Մեր հարցին, թե քանի՞ շտաբ է նախատեսում ունենալ «Այո»-ն, Ալեքսանյանը պատասխանեց, որ հստակ որոշված թիվ չի կարող ասել, բայց շտաբներ կունենան բոլոր մարզերի բոլոր խոշոր քաղաքներում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում:
 
«Այս պահին դեռ բանակցությունների մեջ են շտաբի ներկայացուցիչները՝ տարածքների վարձակալման հարցով: Դեռ նախագծման փուլում է այդ ամենը, դրա համար չեմ կարող հստակ թիվ ասել»,- հավելեց ՔՊԿ հասարակայնության հետ կապերի համակարգողը:
 
Փետրվարի 16-ից «Այո»-ի շտաբը հայտարարել է նաեւ «Այո»-ի քարոզչական բրենդինգի բաց մրցույթ։ 1-3 տեղերի համար սահմանվել են 1-3 միլիոն դրամ պարգեւավճար: Վահագն Ալեքսանյանն ասաց, որ արդեն տասնյակներով հայտեր են ստացել, ուսումնասիրում են, արդյունքները կամփոփեն փետրվարի 25-ին:
 
Ապրիլի 5-ին հանրաքվեի է դրվելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին եւ 6 անդամներին պաշտոնից հեռացնելու հարցը՝ հաշվի առնելով, որ թեեւ 2018-ի ապրիլի 9-ին ուժի մեջ է մտել Սահմանադրության նորացված տարբերակը, սակայն Հրայր Թովմասյանն ու 6 դատավորները պաշտոնավարում են 2005-ի Սահմանադրության դրույթների հիմքով:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը