Փաշինյանը գնում է Արցախ. Ռուս-թուրքական խախտված մեխանիկան


Փաշինյանը գնում է Արցախ. Ռուս-թուրքական խախտված մեխանիկան

  • 19-02-2020 15:00:23   | Հայաստան  |  Վերլուծություն

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցությունն Իդլիբի հարցի առնչությամբ չի տվել ցանկալի արդյունք: Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Իդլիբի ուղղությամբ թուրքական ռազմական գործողությունը ժամանակի հարց է:
 
Անկարան ու Մոսկվան չեն կարողանում պայմանավորվել տեւական ժամանակ: Թուրքիան Իդլիբում Սիրիայի բանակի հաջող ռազմարշավի համար մեղադրում է Ռուսաստանին եւ Իրանին, թեեւ բանակցում գերազանցապես ռուսների հետ: Ըստ ամենայնի, Իրանի հետ պայմանավորվելու հույս Անկարան չունի ընդհանրապես: Իսկ ահա ռուսների հետ պայմանավորվելու ոչ միայն հույս, այլ «բարի ավանդույթ» կա: Բարի իհարկե թուրքերի համար, որովհետեւ այդ ավանդույթը օրինակ ողբերգական է հայերի համար, քանի որ այդ պայմանավորվածություններն անցնող դարի ընթացքում ձեռք են բերվել հայկական տարածքների եւ արյան վրա:
 
Ներկայումս իրավիճակն անշուշտ զգալիորեն այլ է ու հայկական պետականությունը բարդացնում է պայմանավորվածության «ավանդական եղանակը»: Բանն այն է, որ անկախ բուն առարկայից, խորքային առումով ռուս-թուրքական պայմանավորվածության խնդրի հիմքում հայկական հարցն է եւ դրա առնչությամբ կնքված 1921 թվականի պայմանագիրը:
 
Ըստ այդմ, որ աշխարհքաղաքական ուղղությամբ էլ աշխատեն կողմերը, բազային հարցն այդ տիրույթում է: Ու քանի որ արդեն առնվազն քառորդ դար բազան փոխված է Արցախում հայկական հաղթանակի շնորհիվ, խախտված է նաեւ ռուս-թուրքական հարաբերության «առանցքը», այդ հարաբերությունը շեղված է առանցքից: Եվ որքան ամրանում է հայկական պետականության առանցքը, այնքան բարդանում է ռուս-թուրքական հարաբերությունն իր առանցքին վերադարձնելը կամ առանցքից կապած պահելը:
 
Ռուս-թուրքական հարաբերության ներկայիս «մեխանիկայի» տեսանկյունից էլ հատկանշական է տեղեկությունը, որ առաջիկա օրերին Ստեփանակերտում տեղի կունենա Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստը, արդեն երրորդը 2019-ի մարտի 12-ից հետո: Այն դեռեւս պաշտոնապես հաստատված չէ, սակայն տեղեկությունը հատկանշական է այն հաղորդագրության ֆոնին, որ Մյունխենում Ալիեւի հետ բանավեճ-քննարկումից հետո տարածեց վարչապետ Փաշինյանը՝ «մյունխենյան սկզբունքներ» խորագրով, 6 կետեր, որոնք փաստացի «մադրիդյան սկզբունքներ» կոչված ծուղակի մերժումն են կամ Հայաստանի նոր դիրքորոշումն արցախյան հարցում կամ, այլ կերպ ասած՝ ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրադրությունում:
 
Ստեփանակերտում սպասվող համատեղ նիստն ըստ ամենայնի պարունակելու է հենց այդ բովանդակությունը: Միեւնույն ժամանակ, հանգամանքը ուշագրավ է Հայաստանում սպասվող հանրաքվեի համատեքստում. արդյոք Հայաստանում դե ֆակտո քվեարկության են դրվում «մյունխենյան սկզբունքները»:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն