«Լիդիանը» տեղեկացնում է, որ ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շարունակվում է


«Լիդիանը» տեղեկացնում է, որ ընկերությանը տրվել է ջրօգտագործման թույլտվություն, բայց Ամուլսարի ճանապարհների շրջափակումը շարունակվում է

  • 20-02-2020 11:45:26   | Կանադա  |  Մամլո հաղորդագրություն

ՏՈՐՈՆՏՈ, Օնտարիո, 19 փետրվարի 2020թ․ – «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերության տարածած հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության կողմից «Լիդիան Արմենիա» ընկերությանը  տրվել է Արփա գետից 11լ/վ ծավալով ջրառի թույլտվություն։
 
Ընկերությունը նախկինում երկու անգամ դիմել է Արփա գետից երկարաժամկետ գործունեության համար անհրաժեշտ ավելի մեծ ծավալով (ավելի քան 40լ/վ) ջրառի համար, երկու դեպքում էլ ստացել է նախարարության մերժումը։ 2019թ․ դեկտեմբերի 23-ին Ընկերությունը դիմել է նախկինից ավելի փոքր ծավալով ջրօգտագործման հայտով, որն ըստ հաշվարկների բավարար կլինի Ամուլսարի ծրագրի շինարարությունն իրականացնելու համար։
 
Ընկերությունը դիմել է նաև երկարաժամկետ գործունեության համար Դարբ գետից անհրաժեշտ ծավալով ջրառի հայտով, որը նույնպես մերժվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019թ․ հոկտեմբեր ամսին։ Ընկերությունը վիճարկում է նախարարության այդ մերժումը Հայաստանի վարչական դատարանում։
 
«Գնահատելի է, որ կառավարությունը տրամադրել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը  ջրօգտագործման թույլտվությունը, որն անհրաժեշտ է շինարարությունը վերսկսելու համար։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նշել, որ Ընկերությունը՝ շարունակվող ապօրինի շրջափակման պատճառով, դեռևս զրկված է իր տարածք մուտք գործելու հնարավորությունից, ինչը հանգեցրել է նրան, որ Ընկերությունը չի կարողացել ներգրավել  Ամուլսարի ծրագրի շինարարության ավարտի համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսավորում», - ասել է «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Սելլերսը։
 
«Մենք կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը ձեռնարկել անհապաղ միջոցներ Ամուլսարի ծրագրի շուրջ տևական ապօրինությանը վերջ դնելու համար։ Օրինականության վերականգնումը բխում է հազարավոր հայաստանցիների, այդ թվում՝ շրջակա համայնքների բնակիչների, ընկերության աշխատակիցների, կապալառուների և մատակարարների, ինչպես նաև Հայաստանում բարեխղճորեն ներդրում կատարած հազարավոր ներդրողների  շահերից, ովքեր ներդրում են արել Հայաստանում այն հավատով, որ իրենց օրինական իրավունքները կպաշտպանվեն»։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն